14/12/2017 14:29
Անփոխարինելի մարդիկ չկան. Վահրամ Բաղդասարյանը՝ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանին փոխարինողների մասին (Տեսանյութ)
Նման պատասխանատվություն վերցնողները պետք է լինեն հեղինակություն, բայց անվիճելի ոչ ոք չի կարող լինել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով 2018-ին վարչապետի թեկնածուի հարցին:
«Չի կարող լինել անվիճելի անձ, որովհետև մեր երկրում կա բազմակուսակցականություն: Երբ կան ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժեր, այստեղ այդ ձևակերպման հետ համաձայն չեմ», - նշեց Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե հանրապետականները պնդում են, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ վարչապետի լիազորությունները բավականին մեծանալու են ու ամբողջ երկրի պատասխանտվությունը վերցնող անձը պետք է բազմաոլորտ իմացության տեր անձնավորություն լինի:
Ճշտող հարցին Սերժ Սարգսյանն է անփոխարինելի, թե՞ Կարեն Կարապետյանը, Բաղդասարյանը պատասխանեց.
«Ես խնդրում եմ համեմատությունների դաշտ մի տարեք: Մենք նման քննարկում չեն ունեցել, որպեսզի անձեր դնենք ու քննարկենք: Երբ ունենանք, կտանք պատասխաններ»:
Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, որ Կարեն Կարապետյանը կարող է նախագահի պաշտոնում փոխարինել Սերժ Սարգսյանին՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց.
«Վիճելի հարց է՝ փոխարինելի-անփոխարինելի, որովհետև անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան: Այդ մասին համեստորեն խոսում է նաև հանրապետության նախագահը: Եթե Կարեն Կարապետյանը պատրաստված անձնավորություն չլիներ, մենք այս ընթացքում նրան որպես վարչապետի վստահություն չէինք հայտնի: Եթե մենք Կարեն Կարապետյանին կարևորագույն պոստերից մեկն ենք վստահել՝ ՀՀ վարչապետի պոստը, մենք հաշվի ենք առել նրա պատրաստակամությունը»: