10/02/2018 15:45
Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահին հրավիրել է Փհենյան
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին մոտակա ժամանակներս հրավիրել է այցելել Փհենյան: Այս մասին շաբաթ օրը ճեպազրույցի ժամանակ լրատվամիջոցներին հայտնել է հարավկորեական նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պատվիրակությունը այսօր Երկնագույն տանը կայանալիք բանակցությունների ժամանակ փոխանցել է այդ ուղերձը Մուն Չժե Ինին: Դրանում, ներկայացուցչի խոսքով՝ Կին Չեն Ընը ցանկություն է հայտնել հանդիպել հարավկորեական ղեկավարի հետ «որքան հնարավոր է շուտ»:
Բացի այդ, Կորեայի հանրապետության նախագահը Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Փհենյանին կոչ է արել Վաշինգթոնի հետ երկխոսություն սկսել:
Հյուսիսային Կորեայի 22 հոգուց բաղկացած պատվիրակությունը փետրվարի 9-ին ժամանել էր Հարավային Կորեա, որպեսզի մասնակցի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:Պատվիրակությունը գլխավորում է Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովի նախագահության նախագահ Կիմ Յոն Նամը, որը համարվում է երկրի «արարողակարգային» ղեկավարը: