16/02/2018 11:51
Կիևում դատարանի շենքի մոտ հրաձգության ժամանակ ոստիկան է վիրավորվել
Կիևում Սոլոմենկա շրջանի դատարանի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ոստիկանը ստացել է ոտքերի հրազենային վնասվածքներ: Այս մասին ասվում է Ուկրաինայի ազգային ոստիկանության կայքում, փոխանցում է РБК-ն:
Կրակողը ձերբակալվել է, իսկ վիրավոր ոստիկանը հոսպիտալացվել: Դատարանի շենքի մոտ ուժեղացվել է ոստիկանության և Ազգային Գվարդիայի հերթապահությունը, դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը:
Hromadske հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բախումները տեղի են ունեցել դատարանի շենքի մոտ, որտեղ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի համար ընտրվել է խափանման միջոց, նրան ազատ են արձակել «Պյոտր Պորոշենկո բլոկից» պատգամավորի երաշխավորությամբ:
Տրուխանովը ձերբակալվել էր փետրվարի 14-ին Կիևի օդանավակայանում, նոր քաղաքապետարանի շենքն ուռճացված գնով գնելու մեղադրանքով: