19/02/2018 13:17
Եթե Արմեն Սարգսյանը նախագահ դառնա, մեր երկիրը շատ կշահի. Լևոն Մկրտչյան
Հայաստանի Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կողմ է, որ ՀՀ նախագահի պաշտոնում Հանրապետականի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանը դառնա նախագահ։ Ավելին, նրա կարծիքով, Հայաստանը կշահի։
«Եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից կշահի, որովհետև նա մարդ է, որը ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կրթության, գիտության նախարարը։
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է Հայաստանում կրթության խնդիրներից և ասել, որ ոլորտում շատ անելիքներ կան, Մկրտչյանը նախ տեղեկացրեց, որ ՀՅԴ կենտրոնական գրասենյակում Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսել են կրթության խնդիրներից.
«Մենք եկել ենք որակական մի աստիճանի վրա, երբ պետք է ձևը ամբողջությամբ լուծվի բովանդակությամբ։ Աշխարհում կրթական համակարգը, այստեղ է, որ պարոն Սարգսյանը շատ օգտակար կարող է լինել նաև իր քեմբրիջյան փորձով, որոնումների մեջ է։ Այն մասնագիտությունները, որ մենք ուսուցանում ենք, աշխարհում առաջիկա 6-7 տարվա ընթացքում նրանց մեծ մասը կարող է գոյություն չունենալ»։
Ըստ նախարարի, գիտության ոլորտը բարելավելու համար պետք է ունենալ համապատասխան պայմաններ, վերջին կարգի սարքավորումներ։