20/02/2018 10:25
Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները տարեցտարի աճում են. Դավիթ Հարությունյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ վճիռները տարեցտարի աճում են, այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
«Տարեցտարի ՄԻԵԴ-ում ծանրաբեռնվածությունը մեծանում է, իսկ Հայաստանի դեմ վճիռները շատանում են. եթե 2013-ին կայացվել էր ընդամենը 2 վճիռ, ապա 2016-17 թվականներին ունեցել ենք 27 վճիռ», - հայտարարեց նախարարը։
Նրա խոսքով՝ այդ ցուցանիշը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիների իրավագիտակցությունը մեծանում է, փաստաբանության որակները զարգանում են։
«Սա նաև ցույց է տալիս այն, թե մենք ինչ արագությամբ ենք կատարում վճիռները», - նկատեց պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ՄԻԵԴ վճիռները ենթադրում են երկու խումբ խնդիրներ՝ վճռի իրագործում՝ հօգուտ քաղաքացու և համակարգային փոփոխություններ։ «Երկիրը ՄԻԵԴ վճռից բխող համակարգային փոփոխություններով ուղղում է այն սխալը, որը առկա է մեր երկրում», -նշեց նախարարը։