16/04/2018 12:56
Փաշինյանը նախնական տեղեկություններ ունի՝ ով է եղել Հերացի փողոցում ուսանողներին ծեծի ենթարկողը (Տեսանյութ)
«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախանական տեղեկություններ ունի՝ ով է եղել այսօր առավոտյան Հերացի փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայից դուրս եկած և ուսանողներին ծեծի ենթարկած երիտասարդը։
«Նախնական տեղեկություններ ունենք, որ այսօր ուսանողներին ծեծի ենթարկած երիտասարդը իշխանական շրջանակների հետ կապ ունի», - այսօր Խանջյան փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Փաշինյանը։
Հարցին, թե թիկնազորի՞ց է, Փաշինյանը պատասխանեց. «Այդքան էլ չէ, կարծես թե, ընտանիքի անդամներից է»։
Մեկնաբանելով Հերացի փողոցում կատարվածը՝ Փաշինյանը վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա և կոչ արեց բոլորին զսպվածություն պահպանել։
«Ես արդեն խնդրել եմ, որ տուժած քաղաքացու հարցով հետաքրքրվեն՝ տեսնեն ինչ վիճակում է և ինչ օգնության կարիք ունի։ Մենք մեր աջակցությունը կցուցաբերենք տուժած քաղաքացուն և եթե անհրաժեշտ լինի, ֆինանսական աջակցություն կցուցաբերենք, որովհետև մեր հայրենակիցները մեզ ամեն ժամ փոխանցումներ են անում», - ասաց Փաշինյանը։
Արձագանքելով դիտարկմանը, թե ուսանողներին ծեծի ենթարկելը տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների ներկայությամբ, երբ վերջինները ոչ մի կերպ չմիջամտեցին կատարվածին, քաղաքական գործիչը պատասխանեց. «Մեր տեսախցիկները արձանագրել են պետահամարանիշը, կփորձենք պարզել՝ ինչ է եղել և համապատասխան հետևություններ կանենք»։
Փաշինյանի ասուլիսը Խանջյան փողոցում՝ տեսանյութում