21/05/2018 12:29
Աշխատանքներ ենք տանում, որ ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի ընտրությունները անցկացվեն ոչ թե Բաքվում, այլ՝ Սոֆիայում. Գագիկ Մինասյան
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում մայիսի 15-ին վեհաժողովի 25-ամյակի կապակցությամբ Ստամբուլում ընդունվել է հռչակագիր, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը, ամփոփելով ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքներն՝ ասաց պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյան։
Նրա խոսքով՝ հայ և ուկրաինացի պատվիրակները հանդես են եկել իրարամերժ առաջարկություններով։ Մասնավորապես, հայկական կողմն առաջարկել է, որպեսզի ՍԾՏՀ վեհաժողովը շարունակի մնալ զուտ տնտեսական ուղղվածության խորհրդրանական վեհաժողով և դրանում բացառվի քաղաքական ուղղվածությունը։
Ուկրաինական կողմն առաջարկել է էական նշանակություն տալ պետական սահմանների անխախտելիությանը և տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերին։
«Արդյունքում ոչ մերն ընդունվեց, ոչ նրանցը: Անհրաժեշտ ձայներ չեղան, արդյունքում վրացական կողմի առաջարկությունն ընդունվեց: Դա բալանսավորված փաստաթուղթ է», - ասաց նա` ընդգծելով, որ հայկական պատվիրակությունն իր ելույթներում շեշտել է՝ կառույցը պետք է շարունակի բացառապես տնտեսական ուղղվածություն ունենալ։
Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ 2019-ին պետք է ընտրվի վեհաժողովի գլխավոր քարտուղար, և հայկական պատվիրակությունը շահագրգռված է, որպեսզի ընտրությունները Բաքվում չկազմակերպվեն։
«Հիմա գլխավոր քարտուղարն Ադրբեջանի ներակայացուցիչն է: Նոր ընտրությունների համար նախապես ընտրված է երեք քաղաք՝ Երևան, Բաքու և Սոֆիա: Քանի որ մեր պատվիրակները չեն մասնակցում Բաքվում տեղի ունեցող ժողովներին, մեր պատվիրակների ապահովությունը նրանց կողմից չերաշխավորելու պատճառով, մենք աշխատանքներ ենք տանում, որ գլխավոր քարտուղարի ընտրությունները տեղի ունենան գոնե Սոֆիայում», - եզրափակեց խոսքը Գագիկ Մինասյանը։
Նշենք, որ Հայկական պատվիրակությունից ՍԾՏՀ վեհաժողովում ընդգրկված են նաև «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։