25/05/2018 11:21
Մենք պետք է պատասխանենք մի կարևոր հարցի՝ ինչի համար է հայ ժողովուրդը ստեղծել Հայաստանի Հանրապետությունը. Վարչապետ
Քաղաքական գործընթացները, որոնք տեղի ունեցան Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին, անշուշտ, համազգային համախմբման նոր ազդակ են դարձել, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ամեն ինչ պետք է անենք և վստահաբար կանենք այդ համախմբման ազդակը կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար: ՀՀ կառավարության առաջնահերթությունները մենք արդեն հայտարարել ենք: Այդ առաջնահերթություններից կարևորագույնը ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, շարունակելն է և նրան մշտական բնույթ տալը», - նշեց նա։
ՀՀ վարչապետ ընդգծեց, որ կառավարության համար կարևոր առաջնահերթությունը պայքարն է կոռուպցիայի դեմ՝ սկսած ընտրական կոռուպցիայից և շարունակած պետական կառավարման, դատական կոռուպցիայով:
«Ուզում եմ ասել, որ մեր կառավարությունն արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ և ունի հաջողություններ: Այդ գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլորս համոզվենք, որ կոռուպցիան որպես համակարգային երևույթ արմատախիլ ենք արել Հայաստանի Հանրապետությունում: Եվ ի վերջո, մեր ամենակարևոր կոնցեպտուալ խնդիրը, հայեցակարգային խնդիրը, գաղափարական խնդիրը Հայաստանի Հանրապետության, եթե կարելի է ասել, որպես պետության կիրառական նշանակության մասին ձևակերպումն է: 1991 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը և թվում էր, թե ամեն ինչ շատ լավ էր, կարծում եմ՝ մենք թույլ տվեցինք մի կարևոր հայեցակարգային բացթողում: Մենք հստակ չձևակերպեցինք, թե ինչի համար է հայ ժողովուրդը հիմնադրում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը Սահմանադրության բոլոր փոփոխությունների արդյունքում որևէ փոփոխություն չի կրել: Այսինքն, Սահմանադրության նախաբանը մնացել է նույնը, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր հանդես է գալիս հայ ժողովուրդը, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ թե Խորհրդային Հայաստանի քաղաքացիները, այլ հայ ժողովուրդը: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության շահառուն հայ ժողովուրդն է, և մենք պետք է պատասխանենք մի կարևոր հարցի՝ ինչի համար է հայ ժողովուրդը ստեղծել Հայաստանի Հանրապետությունը», - ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նա նշեց, թե համոզված է՝ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի կողմից ստեղծվել է հետևյալ նպատակով. այն է՝ հայության մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտական, տնտեսական, հոգևոր ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելը և այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը:
«Մենք հենց այս հայեցակարգային հենքի վրա ենք տեսնում Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումը և այս հայեցակարգային հենքն է, որ մեզ պետք է առաջնորդի դեպի ազատ և երջանիկ Հայաստան», - ասաց Նիկոլ Փաշինյանը։