23/07/2018 14:59
Հենց կառավարության պաշտոնյաներն են ուռճացնում իրավիճակը՝ ավելի լուրջ ստատուս տալով թրոլերի գրառումներին. Սամվել Մարտիրոսյան
Հայաստանյան սոցիալական ցանցերում միմյանց նկատմամբ հարձակում է, կողմերն են՝ նոր կառավարության համակիրներն ու ընդդիմախոսները։ Առանձին տեղեկատվական հարթակներով տարածվում են կեղծ լուրեր և մինչև կառավարության որևէ ներկայացուցիչն դրանց կարձագանքի կամ կհերքի, կողմերը սկսում են հարձակումը միմյանց նկատմամբ։ Որոշ դեպքերում հարձակումն ուղեկցվում է վիրավորանքներով։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, Հայաստանը տեղեկատվական անվտանգության ճգնաժամ է ապրում։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում մասնագետը հիշում է, որ նախորդ նախընտրական փուլում՝ 2012թ.-ին և դրանից հետո՝ 2013-14 թվականներին թեժ պայքար, ընդհարումներ եղել են։ Բայց այժմ կան տարբերություններ.
«Այսքան շատ մարդ սոցցանցերում չի եղել այն ժամանակ և բացի այդ, կառավարությունն այս աստիճան ներգրավված չի եղել անձամբ այդ տեղեկատվական վեճերում։ Իսկ մյուս տարբերությունն այն է, որ ֆեյսբուքը փաստացի դարձել է կառավարման գործիք»։
Նրա խոսքով` այս պահին ֆեյսբուքում ընթացող քարոզչական ընդհարումները, ապատեղեկատվության տարածումը և այլն ազդեցություն է ունենում նաև կառավարման համակարգի վրա այն պատճառով, որ կառավարության անդամները ակտիվ ներգրավված են այդ ամենի մեջ։ Դրա զարգացումն, ըստ Մարտիրոսյանի, կարող է ունենալ մտահոգիչ հետևանքներ։
«Խնդիրը նաև այն է, որ կառավարության տեղեկատվական աշխատանքը դեռ ձևավորման փուլում է: Այս ամենը բերել է նրան, որ առաջացել է բավականին խառնաշփոթ իրավիճակ, որից փորձում են օգտվել այսօրվա իշխանությունների ընդդիմախոսները», -ասաց Մարտիրոսյանը։
Հարցին, թե ովքե՞ր են այդ իշխանությունների ընդդիմախոսները, փորձագետը պատասխանեց` դրանք կարող են լինել և′ նախկին իշխանությունների, և′ գործող կառավարության մաս կազմող մյուս ուժերի ներկայացուցիչները, քանի որ նախընտրական շրջանում հատկապես «տեղեկատվական ընդհարումներն» առավել ուժգին են լինում։
«Նրանք փորձում են օգտագործել կառավարության սխալներն ու թուլությունները և սոցցանցերում դրանք ուռճացված ներկայացնել»,- նշեց նա։
Մասնագետը երևույթը «տեղեկատվական պատերազմ» չի համարում։ Ավելին, ըստ նրա, պատերազմ դարձնում են կառավարության բարձրաստիճան անդամները՝ ներգրավվելով «թրոլային հարձակումների մեջ անձնապես»։
«Հենց կառավարության պաշտոնյաներն են ուռճացնում իրավիճակը, ավելի լուրջ ստատուս տալիս թրոլերի գրառումներին՝ անձամբ ներգրավվելով»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։
Անտեսել, ըստ նրա, պետք չէ։ Խոսել, որ դա տեղեկատվական պատերազմ է` նույնպես, քանի որ տեղեկատվական պատերազմը լայն ծավալի երևույթ է։ Ընդամենը, նրա խոսքով, պետք է տարբերակել «թրոլային հարձակումները» մարդկանց իրական մտահոգություններից ու անհանգստություններից և դրանք չտեղավորել մեկ կաթսայի մեջ։
Սակայն ամենակարևորը՝ կառավարության կողմից տեղեկատվական քաղաքականության մշակումն է.
«Կառավարությունը պետք է հստակ տեղեկատվական քաղաքականություն ունենա ու իրարից բաժանեն լրագրողների հետ աշխատանքը, սոցցանցերում աշխատանքը, տարբերակում դնեն մամուլի խոսնակների ու իրենց գործառույթների միջև։ Այսինքն՝ դերերի բաշխում պետք է կատարվի։ Դա պետք է լինի ավելի կառավարելի, հակառակ դեպքում քաոսն անխուսափելի է»։