12/09/2018 17:23
Ֆրանսերենի դասերի, հանրահավաքների և կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել. Աճեմյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անվստահություն հայտնեց առ այն, որ կառավարությունն ունի ներդրումային և տնտեսական քաղաքականություն:
«Պարոն Փաշինյան, ես հասկանում եմ, որ Դուք ֆրանսերենի դասերի, հանրահավաքների և կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել, բայց ես Ձեզ պետք է տեղեկացնեմ, որ շատ մտահոգիչ փաստի մասին են միջազգային վերլուծաբանները խոսում՝ երկրորդ եռամսյակում ՀՀ-ում ներդրումների ստացման ծավալը նվազել է 43 տոկոսով, դրանից հետո ՌԴ-ում հանդիպել եք գործարարների հետ և այդ երեքուկես ժամանոց հանդիպումից հետո եղան հրապարակումներ և եղան գործարարներ, որ հայտարարեցին՝ իրենք կարող են իրենց ակտիվները հանել ՀՀ-ից և Դուք անում եք հայտարարություններ, որը վտանգում է ՀՀ ներդրումայի դաշտը: Տնտեսությունը չի կարող շնչել առանց ներդրումների: Արդյոք Ձեր այդ հայտարարություններով չեք վտանգում մեր տնտեսությունը, որովհետև մարդիկ, ովքեր ուզել են Ձեզ վարչապետի աթոռին տեսնել, Ձեզ հետ հույսեր են կապել», - հետաքրքրվեց Աճեմյանը:
Ի պատասխան Փաշինյանն ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունները նշում են ներդրումներին խանգարող գործոնների մասին, որոնք են՝ կոռուպցիան, մենաշնորհը և կոռուպացված դատական համակարգը. «Կարող եմ ասել, որ կոռուպցիան այսօր ՀՀ-ում ջախջախված է, մենաշնորհներ չկան և անկախ դատական համակարգի ձևավորումը ընթացքի մեջ է»:
Փաշինյանը նաև նշեց, որ 2-րդ եռամսյակի ցուցանիշները կապված են ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում հանրապետությունում կատարված իրողություններով. «Ապրիլ-մայիսին Ձեր խմբակցության հետ կապ ունեցող մի շարք անձիք իրենց փողերը ՀՀ-ից որոշել էին հանել և արդյունքում ստացվել են այդ ցուցանիշները: Ես հավաստիացնում եմ Ձեզ, որ այդ փողերը կգտնվեն և հետ կվերադարձվեն ՀՀ, ու այս մտահոգությունները կփարատվեն», - նկատեց վարչապետը:
Խոսելով ՀՀ-ից կապիտալի դուրս գալու մասին՝ Փաշինյանը նշեց. «Եթե նկատի ունեք Սերժ Սարգսյանի եղբայր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ միայն մի բանկում ունեցած 30 մլն դոլարը, կարող եք չանհանգստանալ, այդ կապիտալը Հայաստանից չի կարող դուրս գալ, որովհետև դրա վրա կալանք է դրված»: