12/10/2018 11:34
Աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է. ՀՀ ԱԳՆ
Հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ:
Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը և Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահը կարևորել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակրեպության հարթակը, որը լավ հնարավորություններ է ընձեռում անդամ պետություններին ներգրավվել ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ ձևաչափերում, հատկապես հաշվի առնելով ՖՄԿ-ում աֆրիկյան մայրցամաքի երկրների զգալի ներկայությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում Հայաստանի ներկայության ընդլայնման հեռանկարների ու համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:
Զոհրաբ Մնացականյանի և Մուսա Ֆակի Մահամատի ուշադրության կենտրոնում են եղել նաև ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերը, ինչպես նաև Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքները: