22/11/2018 14:54
Ճապոնիայում կենսաթոշակային տարիքը ծրագրում են հասցնել 70-ի
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է երկրում կենսաթոշակային տարիքի նշագիծը ներկայիս 65-ի փոխարեն բարձրացնել մինչև 70՝ բնակչության արագ «ծերացման» պայմաններում տնտեսական աճն ապահովելու համար, հայտնել է «Կիոդո» գործակալությունը՝ հղում անելով հատուկ հանձնաժողովի զեկույցի նախագիծը:
Կենսաթոշակային տարիքի ավելացմանը վերաբերող առաջարկությունները նոյեմբերի 26-ին կքննարկվեն Տնտեսական և ֆինանսական քաղաքականության խորհրդի նիստում, որպեսզի մինչև գալիք ամառ նախապատրաստվի կոնկրետ ծրագիր: Սակայն դրա համար մի շարք համաձայնեցումներ կպահանջվեն Ճապոնիայի բիզնես-հանրակցության հետ:
Կենսաթոշակային տարիքի ավելացման մասին օրինագիծն նախատեսվում է պատրաստել 2020 թվականին. այն հաշվի է առնելու աշխատանքային գործունեության տարբեր պայմանները, օրինակ՝ կարճացված աշխատանքային օրերը, տնից դիստանցիոն աշխատանքի կատարումը, ընկերություններին սուբսիդիաների տրամադրումը՝ տարեց աշխատակիցների վարձելու համար:
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, Ճապոնիայում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմում է 80,89 տարի, կանանց կյանքի միջին տևողությունը՝ 87,14 տարի: Երկրի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը, Ճապոնիայի կառավարության տվալների համաձայն, 65-ից բարձր տարիքի է: