07/12/2018 10:12
«Փաստ». Ինչպե՞ս անցավ արտահերթ... քարոզարշավը
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր քարոզարշավի վերջին օրն է, ու հաշվի առնելով օրվա խորհուրդը՝ դժվար թե նախորդ օրերի նման ականատես լինենք ակտիվ, ագրեսիվ քարոզարշավի: Ըստ այդմ, ժամանակն է լռության օրվանից առաջ ամփոփել, թե ինչպես անցավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:
ՀՀԿ–ն, չնայած այն հանգամանքին, որ քարոզարշավից առաջ հայտարարել էր, որ փորձելու է լինել կառուցողական և ուժեղ ընդդիմություն, որ գիտակցել է իր սխալները ու պատրաստ է շտկել դրանք, նախընտրական պայքարի առաջին իսկ օրից սկսեց բավական ագրեսիվ հռետորաբանությամբ: Թե՛ նախընտրական պաստառն ու կարգախոսը, թե՛ հիմնական դերակատարների հռետորաբանությունը տարբեր հարցազրույցների ու բանավեճերի ժամանակ ցույց տվեցին, որ ՀՀԿ–ն որդեգրել է սև–սպիտակ խաղի կանոններն ու դիրքավորվել որպես սև:
«Իմ քայլը» դաշինքն, ըստ էության, համապետական քարոզարշավ չարեց, քանի որ քարոզարշավի բեռը, ինչպես և իշխանության ողջ բեռն ընդհանրապես, իր վրա վերցրել էր Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն առաջին իսկ օրից բավական արագ, դինամիկ ու ագրեսիվ ռիթմ հաղորդեց ընտրարշավին՝ թիրախավորելով ՀՀԿ–ին, տեղ–տեղ էլ նաև մյուս ուժերին, օրինակ, «Սասնա ծռերին» ու ՀՅԴ–ին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, թերևս, միակն էր, որ ողջ քարոզարշավի ժամանակ այդպես էլ չմտավ ո՛չ սև–սպիտակի, ո՛չ հակաքարոզչության, ոչ ինտրիգների դաշտ: Այդ ուժը իրականացրեց իր ուժերի տեսանկյունից բավական ներդաշնակ քարոզարշավ՝ թիրախավորելով հենց այն էլեկտորատը, որը ակնհայտորեն կողմնորոշված է կամ կարող է կողմնորոշվել դեպի այդ կուսակցությունը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Մենք» դաշինքը ամբողջ քարոզարշավի ընթացքում այդպես էլ չկարողացան ձերբազատվել «Ելք» դաշինքի ստվերից ու հեղափոխության արժեքների պահապանը լինելու մասին անդադար հիշատակելու կոմպլեքսից:
Զարմանալիորեն բավական հանգիստ քարոզարշավ իրականացրեցին նաև «Սասնա ծռերը»՝ որոշ բացառություններով, թեկուզ հայտնվելով տարբեր քննադատությունների թիրախում:
Ընտրարշավին մասնակից նորելլուկ ուժերից էլ, թերևս, միայն «ՔՈ» ՍԴԿ–ն կարողացավ որոշակի ճանաչելիություն ապահովել, մի կողմից փիառի տեսանկյունից հետաքրքիր լուծումներով, մեկ այլ կողմից ներկայանալով որպես ծրագրային քաղաքականության ջատագով: Նրանց ստացած ձայները ցույց կտան, թե ինչպիսին է ծրագրային քաղաքականության պահանջարկը հետհեղափոխական Հայաստանում»: