13/02/2019 11:22
Ով ավելի «շուստրի» է, կառավարությանը ստիպում է որոշում կայացնել, չի լինելու նման բան. Փաշինյանը՝ ապրանքների ներմուծման մասին (Տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի շարունակվող քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունից հանեց ապրանքների ներկրման, մաքսազերծման մասին հարցը, որը բարձրացրեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
«Եթե ես պարբերաբար գնում եմ ուրիշ գործերով, պարբերաբար ապրանք եմ բերում, դա, կներեք, չի լինի ըտենց: Ախր, ինչքա՞ն կարելի է ասել, էս հեղափոխությունը բա ինչի՞ եղավ: Էն ժամանակ կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա, էն ժամանակ արտոնյալներն ուրիշ տեղ էին, հիմա ուզում են արտոնյալ լինել ուրիշ մարդիկ. Ֆուռը բերում կանգնացնում են 50 կգ-ով ուզում են ապրանքը բերեն երկիր, ոչ և ոչ, չի լինելու նման բան, չեն լինելու նման անսկզբունք կոմպրոմիսներ: Եթե փորձելու են կառավարությանն ասեն՝ վայ, ցույց ենք անելու ձեր դեմ, չի լինելու: Ցույց արեք, երբ տեսնենք՝ քանակ կա, մենք կհասկանանք, կասենք ցտեսություն ու կգնանք ամեն մեկս մեր գործին: Ով ավելի շուստրի ա, կառավարությանը ստիպում ա որոշում կայացնել, չի լինելու նման բան: Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք: Վերջ, չկա ու չի լինելու ուրիշ տարբերակ: Օլիգարխ կլինի, մանր վաճառական կլինի, ոչ մի անգամ», - բավական վրդովված ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետը:
Փաշինյանը կտրուկ ասաց, որ թույլ չի տալու իր հետ ստի լեզվով հարաբերվել՝ անկախ նրանից՝ կլինի թիմակից, թե մերձավոր:
Իր ելույթում Փաշինյանը անդրադարձավ նաև փողոցային առևտրին՝ հայտարարելով, որ թույլ չեն տալու, որ Երևանի կենտրոնը դառնա «Ստամբուլի բազառ»:
Արձագանքելով վարչապետին՝ Էնֆիաջյանն ասաց, որ կարելի է հանդիպել ու հասկանալ շահառուներին և ոչ թե «կաբինետներից որոշումներ կայացնել»: Պատգամավորը նաև հորդորեց վարչապետին շատ չվրդովվել:
Այդուհանդերձ, Փաշինյանն ասաց, որ պետք է իրականությանը բաց աչքերով նայել ու խոստովանել, որ այդ ապրանքները մարդիկ բերում են առևտրային նպատակներով ու խորամանկորեն փորձում են խուսափել մաքսազերծելուց և հարկեր վճարելուց:
«Եթե այդ մարդիկ խոստովանեն, որ բիզնես են անում, եկեք նստենք խոսենք, ո՞վ է հրաժարվում քննարկումներից: Թող ասեն, թող ապացուցեն՝ շատ է հարկը: Այդ հարցում կոռուպցիոն սխեմա է գործել, էդ սխեման փակել ենք, հարկային բեռը շատացել է: Մենք ասում ենք՝ մի խաբեք մեզ, եկեք քննարկենք: Ով ինձ խաբեց, իմ աչքի գրողն է: Ձեզ համար էդպե՞ս չի մարդը. նայի ձեր աչքերի մեջ, խաբի ձեզ, վատ չեք զգա՞», - հայտարարեց վարչապետը: