19/03/2019 14:29
Մեր պետական կառավարման համակարգում չկա պաշտոնյա, որին ասենք դու գործդ ձախողել ես. Փաշինյան (Տեսանյութ)
Իմ արձանագրումն այն է, որ այսօր մենք, ըստ էության, ոչ մի ոլորտում ձախողում չենք ունեցել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր մեր պետական կառավարման համակարգում չկա պաշտոնյա, որին ասենք դու գործդ ձախողել ես։ Ուրիշ բան է, որ արագության ու դանդաղության խնդիր կա», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե բացառված է, որ ինքը կաշկանդվածություն ունենա ազատվելու ձախողած պաշտոնյայից։
«Այլ խնդիր է՝ կան արդյոք թերություններ, բացթողումներ։ Այո՛, կան թերություններ և բացթողումներ բոլորիս գործողություններում», - նշեց Փաշինյանը։
Անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի շուրջ ստեղծված սկանդալին՝ վարչապետն ասաց, թե առկա հանրային ճնշումն ու քննադատությունը պետք է օգտագործել որպես համակարգի աշխատանքի արդյունավետության գործիք։
«Ասում են էդ պարգևավճարները կտրեք և տվեք ուրիշներին։ Ոչ ոք չի ասում, որ Պետական եկամուտների կոմիտեն պետք է աշխատի, որ թոշակառուն թոշակ ստանա, մյուսը՝ աշխատավարձ, նպաստ։ Պետական կառավարման համակարգում աշխատավարձերը պետք է լինեն պատշաճ։ Չենք կարող հույս ունենալ, որ ցածր աշխատավարձ ստացող պաշտոնյաները կարող են բարձր որակի ծառայություն մատուցել հանրությանը», - ասաց Փաշինյանը։