27/03/2019 21:12
Երևանում բացվել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը
Այսօր տեղի ունեցավ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձիք: Ներկայացվեց «Օրբելի» կենտրոնի պաշտոնական կայքը՝ www.orbeli.am, կատարված աշխատանքները, զարգացման հեռանկարներն ու ծրագրերը։
«Օրբելի» կենտրոնը, նշենք, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում: ՊՈԱԿ-ի ղեկավաի Հովհաննես Մովսիսյանը նշեց, որ կենտրոնի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին 2018 թվականի հուլիսից։ Կենտրոնն անվանել են Օրբելի՝ ի պատիվ Հովսեփ Օրբելու։
Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ կենտրոնում այս պահին ներգրավված են հարյուրից ավելի փորձագետներ։ «Կենտրոնը լինելու է ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կեմտրոն»,-վստահեցրեց Հ. Մովսիսյանը։ Նա ասաց, թե կհամարի կենտրոնը հաջողած, եթե այն չհամեմատվի օրվա իշխանության հետ։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորեց նախաձեռնությունը։ Նախագահի խոսքով՝ կենտրոնը շատ խոստումնալից սկիզբ ունի, ունի փայլուն անուն, որը պարտավորեցնող է։ Նա ասաց, որ պատրաստ է համագործակցել կենտրոնի հետ։ «Ես կարծում եմ, որ Հայաստանի համար շատ կարևոր նախաձեռնություն է, սա շատ լավ հիմք է»,- նշեց ՀՀ նախագահը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց, որ կենտրոնը պետք է ընդարձակի այն դաշտը, որում գործում է ՀՀ իշխանությունը, ՀՀ կառավարությունը։ Նա ասաց, թե չեն համարելու, որ սա լինելու է ինտելեկտի միակ աղբյուրը. պատրաստ են համագործակցել նաև այլ կենտրոնների հետ։ «Մեզ բոլորիս մտավոր գործունեության մեջ հաջողություն եմ մաղթում»,- ասաց վարչապետը։