04/07/2019 12:06
4 մլրդ 87 մլն 871 հազար դրամ ՝ Ջրպետկոմին. նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար
Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր գումար հատկացնել ՀՀ Ջրային պետական կոմիտեին։
«Սա մեր ամենախնդրահարույց համակարգերից մեկն է, համակարգ, որտեղ տարիներ շարոնակ կուտակվել են հսկայական պարտքեր», - ասաց նա։
Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում բազմաթիվ աղմկահարույց բացահայտումներ են կատարվել․
«Ջրօգտագործողների ընկերության՝ դեռևս անցած տարիներից կուտակած պարտքից զատ, 2018 թվականի ընթացքում կուտակված պարտքերը կազմել են 6 միլիարդ 941 միլիոն դրամ՝ «Ամերիա» բանկին վարկի տեսքով», - նշեց Սուրեն Պապիկյանը։
Նա ասաց՝ տարիներ շարունակ Ջրօգտագործողների ընկերությունները տարեվերջին ՀԷՑ-ին պարտքը մարելու համար դիմել են բանկերին ու ստացած գումարը մյուս տարվա ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել ու ամեն տարվա մեկնարկին համակարգը մարել է նախորդ տարվա պարտքը։
Սուրեն Պապիկյանն ասաց, որ կառավարությունը, գոնե վերջին տարիների համար, նախադեպ չունեցող քայլ է կատարում։
«Առաջարկում ենք գումար տրամադրել համակարգին ու սա բերելու է նրան, որ աշնանը համակարգը մտնեկու է նոր տարի այլևս զրոյական պարտքով, սա պահանջում է հետևողական աշխատանք», - ասաց նա։
Նախարարն ընդգծեց՝ կոչ է անում քաղաքացիներին պարտաճանաչ վճարել ջրի դիմաց ու հետևողական լինեն, որ գումարները հասնեն իրենց նպատակին։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ պետք է արձանագրել՝ կա համակարգային խնդիր։
«Ու ամենակարևոր հարցը, որ պետք է քննարկենք այս գումարները տրամադրելուց, այն է, թե վերջապես ե՞րբ ենք կարողանալու նստել ու քննարկել համակարգային ու խորքային փոփոխությունները», - ասաց Տիգրան Ավինյանը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ գործերը քննվում են, որպեսզի պատճառված վնասները վերականգնվեն։
Այսպիսով՝ Ջրային կոմիտեին 2019թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4 միլիարդ 87 միլիոն 871 հազար դրամ: