11/11/2019 20:18
Հիմա վայելում եմ կյանքն այնպես, ինչպես հնարավոր է՝ ամենալավ ձևով. Էպիլեպսիայի վիրաբուժության ծրագրի շահառու (Տեսանյութ)
«Արաբկիր» ԲԿ-ն արդեն 4-րդ տարին է իրականացնում է էպիլեպսիայի վիրաբուժության ծրագիր՝ միտված ծանր էպիլեպսիայով տառապող 0-40 տարեկան անձանց վիրահատություն կատարելուն:
«Արդեն 4-րդ տարին է համագործակցում ենք Բուլղարիայի Սոֆիա քաղաքի համալսարական հիվանդանոցի հետ, որտեղից հյուրընկալում ենք երկու վիրաբույժների», - Aysor.am-ի հետ զրույցում, ներկայացնելով ծրագիրն, ասաց «Արաբկիր» ԲԿ Նյարդաբանական և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանն՝ ավելացնելով.
«Այս տարիներ ընթացքում թվով 18 հիվանդներ են վիրահատվել, բարեբախտաբար, մեծամասնությամբ շատ դրական արդյունքներ ունենք և որոշ դեպքերում հիվանդները նույնիսկ հակացնցումային դեղորայք չեն ստանում, որոշ դեպքերում էլ՝ աստիճանաբար պակասեցնում ենք դեղերը»:
Ծրագրի շահառու 12-ամյա Գագիկ Պետրոսյանը պատմեց, որ վիրահատությունից հետո իրեն լավ է զգում, սիրում է սպորտով զբաղվել՝ լողի է գնում և լավ է սովորում:
Ծրագրի մյուս շահառու 39-ամյա Գոհար Հովսեփյանն էլ նշեց, որ հիվադնությունը ձեռք է բերել 1,5 տարեկանում, իսկ վիրահատության ենթարկվել է 37 տարեկանում:
«Գիտեք, որ դա անբուժելի հիվանդություն է: Ինձ բացատրել էին, որ ամբողջ կյանքում պիտի ապրեմ դրանով: Հարմարվել էի դրա հետ», - պատմեց Գոհարն՝ ավելացնելով.
«Վստահեք մեր բժիշկներին: Նրանք ամեն ինչ կարողանում են: Ես օգտվել եմ այդ հաճույքից։ Հիմա վայելում եմ կյանքն այնպես, ինչպես հնարավոր է՝ ամենալավ ձևով»:
Մանրամասները՝ տեսանյութում: