29/11/2019 12:08
ԲՀԿ-ն առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել բանակում զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն ենթարկել զինծառայողին ինքասպանության հասցնելու համար:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծով հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ նախագծով առաջարկվում է 3-12 տարի ազատազրկում նախատեսել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի բռնության, դաժան վերաբերմունքի կամ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով զինծառայողին դրդել ինքնասպանության:
«Ցավոք սրտի, բանակում թշնամու գնդակից այսօր շատ ավելի քիչ զինվոր է մահանում, քան բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով ինքնասպանություններ են տեղի ունենում», - ասաց նա:
Զոհրաբյանը նաև նշեց, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում զինծառայողների ինքնասպանությունների թվի վիճակագրությունը մխիթարիչ չէ:
«2018-ին բանակում ինքնասպանությունների ամենավատ թիվն ենք ունեցել՝ 11: Նախորդ տարի թիվը եղել է 10, նախանցած տարի՝ 9-ը, այս տարվա այս պահի դրությամբ 11 դեպք է գրանցվել: Այս վիճակագրությունը մեզ բերել է այն կաևոր եզրահանգման, որ նախաձեռնությունը կարևոր է», - ասաց նա:
Հանձնաժողովը հավանության արժանացրեց նախագիծը, այն ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: