22/06/2020 11:23
ՍԴ չդիմելն արդեն իսկ Սահմանադրության համապատասխան հոդվածների խախտում է. Սիմոնյան
«Իմ քայլը» խմբակցության իրավաբան պատգամավորները դեռ փետրվարի 6-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես հանրաքվեով կարող է լուծվել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս այս հարցի որոշման կայացում ԱԺ-ի կողմից, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Հիմա պարզվում է, որ հարցը կարող է ԱԺ-ում լուծվել: Սա էլ մյուս անտրամաբանական վարքագիծը: Այնքան հարցեր կան, որոնց պատասխանները չստացած, մեր գործընկերները գնում են առաջ: Չի կարելի անտեսել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ անգամ այդ կարծիքը չստացած», - նշեց բանախոսը:
Տարոն Սիմոնյանն ընդգծեց՝ այն, որ խորհրդարանը որոշել է Սահմանադրության փոխվելու հարցով չդիմել ՍԴ, արդեն իսկ Սահմանադրության համապատասխան հոդվածների խախտում է:
«Իմպերատիվ դրույթ է, որ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ առաջին ընթերցումից հետո խորհրդարանը դիմում է ՍԴ: Եթե այս դրույթը չի պահպանվում, ՀՀ Սահմանադրությունը խախտվում է», - ասաց բանախոսը: