16/02/2021 18:05
Պատերազմի բժիշկները. Լևոն Սիմոնյան. Բոլորս էլ ցանկանում էինք, որ պատերազմն օր առաջ վերջանա, բայց մի տարբերակով՝ եթե հաղթանակած դուրս գայինք (Տեսանյութ)
Պատերազմի ժամանակ հարյուրավոր զինվորների կյանքեր է փրկել բժիշկ Լևոն Սիմոնյանը. հոկտեմբերի 7-ին է Արցախ գնացել։
Հիշում է՝ երբ մտել են Ստեփանակերտ, այդ ժամանակ ռմբակծովում էր Արցախի մայրաքաղաքը։
«Խոր մթություն էր քաղաքում տիրում, դժվարությամբ մտանք բունկերը, երբ մտա՝ տեսա այնտեղի աժիոտաժը, մի տեսակ վախ մտավ մեջս, աննկարագրելի տեսարան էր. հետագայում ավելի հեշտ էր», - պատմում է բժիշկը։
Լևոն Սիմոնյանը նշում է՝ պատերազմը փոխում է մարդուն։
Ասում է՝ նվիրված ու խիզախ էին զինվորները, մտածում էին ոչ թե իրենց, այլ՝ իրենց մարտական ընկերների մասին։
«Զինվորը շատ ծանր վնասված էր ու այդ պահին չէր մտածում իր մասին, չի հարցնում, թե իր վիճակը ոնց է, հարցնում է իր զինվոր ընկերոջ մասին, թե «ո՞նց է ընկերս, որտե՞ղ է»։ Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ որ զինվորներն անգիտակից վիճակում ընդունվել են հոսպիտալ, վիրահատությունից հետո, երբ որ գիտակցությունը վերականգնվել է, իմացել են, որ հոսպիտալում են, ասել ենք, որ հետագա բուժման նպատակով պետք է տեղափոխվեն Երևան, մեզ հետ կռիվ էին անում, ասում էին՝ «ինչ Երևանի մասին է խոսքը, եթե հիմա իմ ընկերները մարտի դաշտում են, մի բան արեք, շուտ լավացրեք, հետ գնամ իմ ընկենրեի կողքը կանգնեմ» », - պատմում է պատերազմի օրերին Արցախում եղած բժիշկը։
Երբ հայտարարվել է, որ պատերազմը վերջացել է, բժիշկներով գիտակցել են՝ պատերազմում դեռևս չենք հաղթել։
«Այդ լուրը լսելը հավասարազոր էր շատ ծանր կորուստի։ Աշխատանքը ծանր էր, դժվար էր, պայմանները վտանգավոր էին կյանքի համար, բայց ես համոզված եմ, որ ոչ մեկ չէր համաձայնվի ընդունել այն փաստը, որ ունեցանք։ Ես վստահ եմ, որ ցանկացած բժիշկ պատրաստ էր ևս ամիսներ ու տարիներ մնալ ու կատարել իր պարտականությունը, եթե համոզված լիներ, որ վերջին հաշվով մենք հաջողություններ ունենալու էինք», - ասում է բժիշկ Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ բոլորն էլ ցանկանում էին, որ պատերազմն օր առաջ վերջանա, բայց միայն մի տարբերակով՝ եթե պատերազմից հաղթանակած դուրս գայինք։
Պատերազմից հետո Լևոն Սիմոնյանը հասկացել է՝ այն ամեն ինչը, որ պետք է անել այսօր ու հիմա, երբեք պետք չէ թողնել վաղվան.
«Որովհետև չգիտես՝ քո վաղը լինելու է, թե՝ ոչ», - ասում է նա: