02/03/2021 13:38
Մարտի 1-ի գործով արդարադատությունը կարող է դառնալ ուշացած. մեղադրող դատախազ
Պաշտպանական կողմի համակարգված գործողություններն ուղղված են դատական նիստը ձգձգելուն, Քոչարյանի և մյուսների գործով հետաձգված դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
«Երբ որևէ մեկն ակնհայտ անհարգելի պատճառով բացակայում է նիստերի դահլիճից, մյուսները սկսում են արդարացնել դա», - ասաց նա։
Գևորգ Բաղդասարյանի խոսքով՝ Մարտի մեկի գործով իր համար բացահայտված է քրեական գործի այն հատվածը, որը դատարանում է քննվում։
«Գործով անջատված մաս կա, այդ գործով ես որևէ գնահատական տալ չեմ կարող», - ասաց նա։
Մեղադրող դատախազը նշեց, թե դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի նման վարքագիծը, թույլ չտա, որ նրանք իրենց դատավարական իրավունքներն օգտագործեն դատական նիստերը ձգձգելու նպատակով։
«Այս արդարադատությունը կարող է դառնալ ուշացած արդարադատություն՝ իր բացասական հետևանքներով տուժողների համար», - ասաց Գևորգ Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Պատճառը գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի բացակայությունն էր։ Վերջինս ախտանշաններ ունի ու կորոնավիրուսի թեստ է հանձնել։