20/05/2021 13:13
Ինչ-որ խափանման միջոց կընտրեն, որով կխաթարեն իմ գործունեությունը որպես «Հայաստան» նախընտրական դաշինքի շտաբի պետ. Արմեն Գևորգյանն՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր առավոտյան հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն. ավելի ուշ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել։
«Դեռևս նախորդ տարի ապրիլի 16-ին ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել, որտեղ ինչ-որ հանգամանքներ էին նկարագրվում, իսկ վերջում ասվում էր, որ Արմեն Գևորգյանն այդ ամեն ինչի հետ առնչություն ունի, մասնավորապես, որ իմ հարազատների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ և ես այդ ամեն ինչը լվացել եմ։
Բայց այն ժամանակ, ըստ էության մեղադրանք չի առաջադրվել, կարծում եմ` նաև քննությունն է հասկացել, որ դա աբսուրդի ժանրից է։ Իրենք հաջորդ քայլն են արել այդ գույքերի վրա կալանք են դրել։
Մենք փորձել ենք մեր իրավունքները պաշտպանել և դիմել ենք դատական ատյանների։ Բոլոր դատական ատյաններում այս պահի դրությամբ քննիչի համապատասխան որոշումը ճանաչվել է ապօրինի և բեկանվել է», - ՀՔԾ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանը։
Նա չբացառեց, որ իրավապահ մարմիններն ինչ-որ խափանման միջոց կընտրեն, որով խաթարեն իր գործունեությունը որպես «Հայաստան» նախընտրական դաշինքի շտաբի պետ։
«Ես հրաժարվել եմ ընդհանրապես որևէ գործ ունենալ ՀՔԾ-ի հետ։ Կյանքը ցույց է տվել, որ այս կառույցը միայն քաղաքական պատվերներ է կատարում և քաղաքական գործեր է իրականացնում։ Ես շփվում եմ տարբեր մարզերի գործընկերների հետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկանություն, ինչ-որ անհասկանալի բացատրական աշխատանքների, ինչ-որ տարիներ շարունակ քննվող քրեական գործերով պարզաբանում ստանալու և այլն», - ասաց Գևորգյանը։