29/07/2021 14:44
Այսօր հայտարարվելու է Առուշ Առուշանյանի գործով նախաքննության ավարտ. փաստաբանը պնդում է՝ Գորիսի քաղաքապետն այլևս չի կարող գտնվել անազատության մեջ
Այսօր՝ ժամը 17:30-ին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղղարկել դատարան։
Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը պնդում է՝ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին, ինչը, ըստ փաստաբանի, ի սկզբանե չի էլ եղել։
«Քանզի, ըստ վարույթն իրականացնող մարմնի, բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն իսպառ բացակայում է։ Առնվազն այս հարցի համատեքստում Առուշ Առուշանյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ», - նշել է Ալեքսանյանը։
Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարեց Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։
Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:
Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: