20/09/2021 18:45
Հայաստանը հնարավոր չէ պատկերացնել առանց Արցախի․ 50 մլն դոլարի ներդրում կարվի Արցախում. Սամվել Կարապետյան
«Տաշիր»- ընկերության խնդիրն է ապահովել կայուն և անվտանգ ապագա Արցախի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշել է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարվա ծրագրերը։
«Հայաստանը հնարավոր չէ պատկերացնել առանց Արցախի։ Մենք միշտ հատուկ ուշադրություն ենք ունեցել Արցախի ժողովրդի նկատմամբ։ Այդպես կշարունակենք նաև ապագայում։ Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման և Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար կհատկացնենք մոտ 50 միլիոն դոլար», - ասել է Կարապետյանը։
Հայ գործարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կլինեն նոր ծրագրեր ու նախաձեռնություններ բիզնեսի կողմից։
«Համոզված եմ, որ մեր ձեռքերում է նոր հնարավորություններ ստեղծելը, որոնք Հայաստանն ուժեղ երկիր կդարձնեն, ու կապացուցենք ողջ աշխարհին, որ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում», - ասել է Կարապետյանը։
Նա հայտարարել է, որ «Տաշիր» ընկերությունը արտադրական հզորությունները, տուրիզմը զարգացնելու, նաև երիտասարդական գործարարությունը խթանելու համար նախատեսում է 130 միլիոն դոլարի ներդրում անել։
«Տնտեսության զարգացումն անհնար է առանց արտադրական հզորությունների զարգացման, այդ թվում՝ առանց այդ ոլորտում նոր ինովացիոն լուծումների կիրառման։ Նոր հզորությունների զարգացումը ամբողջ տնտեսության շարժիչ ուժն է։ Այն մեծացնում է արտահանման պոտենցիալը, երկրի բնակչությանը ապահովում է աշխատատեղերով։ Այս նպատակի համար հատկացվելու է 50 միլիոն դոլար», - ասել է Կարապետյանը։
Ըստ հայ գործարարի՝ «Տաշիր» ընկերության համար երկրորդ կարևոր ուղղությունը տուրիզմի ոլորտն է։
«Տուրիզմի ոլորտը մեծ ուշադրություն է պահանջում։ Հայաստանը յուրահատուկ տուրիզմի երկիր է, զարգացման մեծ պոտենցիալ ունի։ Այդ նպատակների համար կհատկացնենք մոտ 50 միլիոն դոլար», - նշել է Կարապետյանը։