22/09/2021 14:35
Ռուսաստանի համար հիմա ավելի մեծ նշանակություն ունի, թե որքանով է Հայաստանը ուժեղ․ Սիլաև
Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ու դրա հետևանքները որոշ չափով փոխում են ռուս-հայկական ռազմավարական դաշինքի բնույթն ու հեռանկարները, և Հայաստանի ուժեղ լինելը հիմա ավելի կարևոր է Ռուսաստանի համար, «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հրավիրված բաց դասախոսությանը նման կարծիք է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն, պատմագիտության թեկնածու Նիկոլայ Սիլաևը։
Սիլաևը նշել է, որ այժմ ռուս-հայկական դաշինքը նոր նշանակություն է ստանում այն տեսանկյունից, թե հետպատերազմյան շրջանում ինչ դեր է ստանձնում Ռուսաստանը հարավկովկասյան տարածաշրջանում:
«Նոր վտանգի առաջացումը Լեռնային Ղարաբաղում կախված է նրանից, թե որքանով ամուր կլինի դաշինքը Հայաստանի հետ և որքանով ուժեղ կլինի ինքը՝ Հայաստանը, ինչ չափով նա կկարողանա վերականգնել և ամրապնդել իր ռազմական և տնտեսական ներուժը: Խոսքը երկարաժամկետ գործընթացների մասին է, և թե որքանով է ռուս-հայկական դաշինքը արժանահավատ՝ կողքից նայողների համար: Այժմ, քանի որ Ռուսաստանը ավելի շատ է ներգրավված Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակում, ռուս-հայկական դաշինքը նշանակություն է ստանում այն տեսանկյունից, թե ի՞նչ դեր է խաղում Ռուսաստանը տարածաշրջանում և, ինչպես նախկինում էր, պահպանո՞ւմ է, արդյոք իր գերիշխող դիրքերը: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար հիմա ավելի մեծ նշանակություն ունի, թե որքանով է Հայաստանը ուժեղ ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական, ժողովրդագրական, արդյունաբերական և գիտական նվաճումների առումով», - ասել է Նիկոլայ Սիլաևը: