14/01/2022 14:01
Բացահայտ ճնշումներ են եղել դատավորների նկատմամբ գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից. Ալեքսանդր Ազարյան
Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որից հետո դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ:
Միության նախագահի պաշտոնում առաջադրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։
Լրագրողների հետ զրույցում Ալեքսանդր Ազարյանն ասաց, թե տեղեկություն է ստացել, որ մի շարք դատավորներ մտադիր են տապալել այսօրվա գործընթացը։
«Կազմակերպված է տապալել հենց կոնկրետ Միության նախագահի ընտրությունները», - ասաց նա՝ նշելով, թե չի կարող գուշակել՝ որն է պատճառը։
Ազարյանը վստահ է՝ իր շանսերը բարձր են ու եկել է ընտրվելու նպատակով։
Կան արդյոք ճնշումներ դատավորների նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորն արձագանքեց, թե իր ու իր նման դատավորներին անհնար է վախեցնել։
«Ես մի քանի հարցազրույցում երկու-երեք տարի առաջ հայտարարել եմ՝ այն ժամանակ բացահայտ ճնշումներ են եղել դատավորների նկատմամբ գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից», - հայտարարեց դատավոր Ազարյանը։