01/04/2022 20:55
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ նոր հեռախոսազրույց է ունեցել․ շարունակվել է ԼՂ-ում տիրող իրավիճակի քննարկումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շարունակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ մտքերի փոխանակումը։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թվական նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններն անշեղորեն պահպանելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։
Ավելի ուշ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ կառավարությունը։
«Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման հետևանքով ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր:
Վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվական նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում: