12/04/2022 18:48
Կիևը փակուղի է մտցրել Մոսկվայի հետ բանակցությունները՝ հեռանալով Ստամբուլի պայմանավորվածություններից. Պուտին
Կիևը, հեռանալով Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, գործընթացը մտցրել է փակուղի, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո։
«Ստամբուլում մենք ձեռք բերեցինք որոշակի պայմանավորվածություններ, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, իսկ Ուկրաինան անվտանգության խիստ երաշխիքներ է պահանջում, չեն տարածվի Ղրիմի, Սևաստոպոլի և Դոնբասի տարածքների վրա։ Դրան, ինչպես տեսաք, հաջորդեցին բանակցային գործընթացի շարունակության համար պայմաններ ստեղծելու մեր գործողությունները։ Փոխարենը Բուչայում բախվեցինք սադրանքի, և, որ ամենակարևորն է, ուկրաինական կողմը հետ կանգնեց Ստամբուլում պայմանավորվածություններից։
Այժմ արդեն անվտանգության պահանջները մի բան են, իսկ Ղրիմի, Սևաստոպոլի և Դոնբասի շուրջ հարաբերությունների կարգավորման հարցերը դուրս են եկել այդ պայմանավորվածությունների շրջանակից։ Այսինքն՝ վերադարձել ենք մեզ և բոլորիս համար փակուղային իրավիճակի», - ասել է Պուտինը: