18/11/2022 20:32
«Արալեզ» կազմակերպությունը՝ հեղինակային իրավունքների պաշտպան․ ՀՀ ստեղծագործական միությունների միացյալ ֆորում
Այսօր «Արալեզ» հասարակական կազմակերպության՝ հեղինակային, հարակից և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համահայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության ստեղծագործական միությունների միացյալ ֆորում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի մի շարք արդիական խնդիրներին՝ հեղինակային և հարակից իրավունքների խախտումներին և մտավոր սեփականության անվերահսկելի և անօրինական օգտագործմանն առնչվող հարցեր։
«Արալեզ» հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Վիկտորյա Մալոյանը՝ կարևորելով հեղինակային իրավունքների պաշտպանության հարցը, բացի տեսական մի շարք դրույթներից, ներկայացրել է նաև դրանք գործնականում կիրառելու և սպասված արդյունքին հասնելու հստակ միջոցներն ու առանցքային կետերը։
Ֆորումի ընթացում ներկայացվել են առկա իրավիճակի դիտարկման, հեղինակային իրավունքի սեփականատերերի շահերը բավարարելու և հեղինակների վարձատրությունը ապահովելու նոր տեխնիկական գործիքներն ու ոլորտը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու միջոցները։
EAKOP-ի (Իրավատերերի միությունների Եվրասիական կոնֆեդերացիայի՝ ԻՄԵԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Տուրինցևը Aysor.am-ի հետ զրույցում պատմեց «Արալեզ» հասարակական կազմակերպության հետ շարունակական համագործակցության և ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին․
«Նախկինում ևս եղել է համագործակցություն հայկական կազմակերպություններից մեկի հետ, որը կասեցվել է հեղինակների հաճախակի դժգոհության պատճառով։ Եվ երբ մենք վերլուծեցինք դժգոհությունները, կազմակերպության կողմից իրականացված աշխատանքներն ու արդյունքները, պարզ դարձավ, որ Հայաստանում գործնականում չի պաշտպանվում հեղինակի իրավունքներն այնպես, ինչպես հարկն է։ Եվ երբ մեզ հետ կապ հաստատեց «Արալեզ»-ը, ներկայացրեց իրենց գործառույթները, հասկացանք, որ այն շատ մեծ աշխատանք է տանում, տարբեր ոլորտների ներկայացուցիչների, հեղինակների հետ բաց և թափանցիկ է աշխատում, մատուցում տարբեր ծառայություններ և վարում ճկուն քաղաքականություն, սկսեցինք համագործակցել», - ասաց Գրիգորի Տուրինցևը։
Վերջինս կատարվող աշխատանքների հետ կապված կարևորեց նաև պետության դերն ու նշանակությունը։ Տուրինցևի խոսքով, առանց պետական աջակցության դժվար կլինի կատարել նմանատիպ գործողություն, քանի որ վերահսկողության մեծ մասը իրականացնում է պետությունը։
Ֆորումին ներկա էին կրթության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, որոնք հարցերն ուղղելով՝ խոսնակներից ստացան կարևոր թեմաներին վերաբերող սպառիչ պատասխաններ և ևս մեկ անգամ հաստատեցին հեղինակային իրավունքների պաշտպանության կարևորությունը ։
Aysor.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանն, անդրադառնալով համապատասխան մարմինների կողմից կատարվող աշխատանքներին և իրազեկումներին, նշեց․
«Նախարարության դերն այս պարագայում ավելի կրթական է, քանի որ ստեղծագործողները պիտի ծանոթ լինեն իրենց իրավունքներին և հենց իրենք կարողանան պաշտպանել այն։ Կարևոր է նաև հեղինակային իրավունքը տարբերակել գույքային իրավունքից», - ասաց նա։
Արմեն Սարգսյանի խոսքով, Հայաստանում այսօր գրահրատարակչական ոլորտում խնդիրներն առավել քիչ են և այն ավելի կարգավորված է՝ ի տարբերություն այլ ոլորտների․
«Մենք պարբերաբար կազմակերպում ենք հեղինակների համար սեմինարներ։ Վերջերս «Գրքի ամենամյա փառատոն»-ի շրջանակում կազմակերպվեց հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության մասին պատմող աշխատարան»։
Ֆորումին ներկա էին նաև «Fonmix» կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Օստաշևսկայան, «n'RIS»-ի (Առցանց ծառայությունների էկոհամակարգ հեղինակների և հեղինակային իրավունքի սեփականատերերի համար) ներկայացուցիչ Վլադիմիր Զայեցը և «Fonmix Armenia»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ծատուրյանը։
Ներկայացուցիչները շեշտեցին մի կարևոր հանգամանք ևս, ըստ որի՝ իրականացվող աշխատանքները թափանցիկ են և հեղինակներն անձամբ կարող են հետևել աշխատանքի ընթացքին՝ վստահ լինելով տրամադրվող ինֆորմացիայի գաղտնիության երաշխավորությանը։
Aysor.am-ի հետ զրույցում ֆորումին ներկա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ողջունեց նման նախագծի իրականացումը և հույս հայտնեց, որ շատերը մեծ ոգևորությամբ կսկսեն աշխատել այնպիսի կազմակերպչական դաշտում, ինչպիսին է «Արալեզ»-ը։
«Հեղինակային իրավունքների պաշտպանության հարցն ունի սյուբյեկտիվ և օբյեկտիվ հայացքի պահանջ։ Սյուբյեկտիվն այն է, որ մենք մեզ այդ առումով պաշտպանված չենք զգացել երկար ժամանակ՝ ինչպես ես, այնպես էլ շատ այլ հեղինակներ, քանի որ այդ ասպարեզը գտնվել է ոչ ծրագրային ուշադրության ներքո։ Թեման օբյեկտիվ առումով բարձր գաղափարական խնդիր է, որտեղ հիմնական հարցը արժեքի գիտակցումն ու նրա պահպանումն է», - ասաց կոմպոզիտորը։
Ռոբերտ Ամիրխանյանի խոսքով, շատ կարևոր է, որ իրավական առումով մարդը պաշտպանված լինի, քանի որ այն շրջադարձային նոր կանչ ունի իր մեջ։