06/05/2015 14:09
Գյումրիում ռեկտորի եղբոր սպանության գործը դատարանում է
Գյումրիում պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործը ստացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արման Կատունյանը կնոջ` Ջեմմա Խաչատրյանի և հարեւանությամբ բնակվող` Հարություն Գրիգորյանի միջև արտաամուսնական հարաբերությունները Գրիգորյանի պահանջով պարզելու նպատակով 2014թ. հուլիսի 24-ին ժ.11:00-ի սահմաններում իր անձնական օգտագործման մեքենայով կնոջ հետ գնացել է Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամաս` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսաքանդ շինության մոտ: Այստեղ Կատունյանը հանդիպել է Հ. Գրիգորյանին և վերջինիս կողմից ամիսներ շարունակ, պարբերաբար դրսևորած հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ապօրինի կերպով ձեռք բերած «ՊՄ» տեսակի CK 5004 P համարի ատրճանակով յոթ անգամ կրակել է Հարություն Գրիգորյանի վրա և սպանել նրան:
Ա. Կատունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: