22/07/2014 14:43
Խաղաղապահ ուժերի տեղակայման համար պահը չի հասունացել. Քաղաքագետ
Առայժմ չի հասունացել այն պահը, որ սահմանում խաղաղապահ ուժեր տեղակայվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով օրերս Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հայտարարությանը, որն առնչվում էր ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայմանը:
Նրա խոսքով՝ այստեղ խոսվում է մի երևույթի մասին, որն առայժմ իրատեսական չի թվում: Բացի այս՝ քաղաքագետի համոզմամբ խաղաղապահ ուժերի մասին կարող են խոսել միայն այն ժամանակ, երբ կողմերը գան որոշակի համաձայնության:
«Որևէ երաշխիք չկա, որ խաղաղապահ ուժերը կողմերի միջև հանդես կգան` որպես բաժանարար ուժ: Այս տեսանկյունից, իրավիճակը միանշանակ կլինի այն, որ լարվածությունն էլ ավելի կսրվի: Առանց այդ էլ լարվածությունը սահմանում չի թուլանում: Այդ ուժերի տեղակայման մասին կարելի է մտածել միայն այն ժամանակ, երբ կողմերը հասնեն ինչ-որ համաձայնության, այսինքն՝ խաղաղապահ ուժեր կարող են լինել միայն միջանկյալ զարգացման փուլում, որն անհրաժեշտ է խաղաղ կարգավորման համար: Առայժմ այդպիսի զարգացումներ չկան, և մենք տեսնում ենք, որ չի հասունացել անգամ այն պահը, որպեսզի սահմանում այդպիսի ուժեր տեղակայվեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որտեղ նշվում էր, թե հայկական կողմի պատասխաններն անհամաչափ են, քաղաքագետը նկատեց, որ նման հայտարարությունը անհիմն է և համաչափության խնդիր չկա:
«Որքանով էլ համաչափ լինի մեր պատասխանները, այն պետք է բխի նաև Հայաստանի շահերից: Այսինքն՝ մենք պետք է համոզված լինենք, որ հակառակորդը չի հիմնվի այդպիսի գործողությունների վրա: Առայժմ հայկական կողմի պատասխանն անհամաչափ է այնքանով, որքանով հակառակորդը չի հասկացել, որ այլևս չի կրկնի իր քայլերը: Իսկ ադեկվատ նշանակում է այն, որ կասեցվում է ցանկացած գործողություն»,- ընդգծեց քաղաքագետը: