28/04/2015 14:17
12 օր հացադուլի մեջ գտնվող ՀԽ անդամի ինքնազգացողությունը վատացել է
«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանի ինքնազգացողությունը, բնականաբար, վատացել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Դավթյանը:
Նրա խոսքով՝ արդեն 12 օր հացադուլի մեջ գտնվող Գ. Սաֆարյանին ամեն օր այցելում են բժիշկներ, իսկ անհրաժեշտության դեպքում նրան կտեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց, թեև այժմ նման կարիք չկա:
«Գևորգը ասաց, որ իրեն շատ թույլ է զգում, թեև հյուծված է, բացի այդ, նա վաղուցվանից երիկամների հետ կապված խնդիրներ ուներ, պարբերաբար ցավեր է ունենում»,- ասաց Գ. Դավթյանը։
Նա ասաց, որ երեկ այցելել է նաև Գարեգին Չուգասզյանին, ով որևէ բողոք չուներ առողջական վիճակի հետ կապված:
Նա ասաց, որ առաջիկայում պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել:
Հարցին՝ կան կարծիքներ, որ ապրիլի 24-ի միջոցառումներից հետո նրանց ազատ կարձակեն, փաստաբանը պատասխանեց. «Չգիտեմ, ես նման ակնկալիքներ չունեմ, հակառակ դեպքում արդեն ազատած կլինեին, հույսեր կարող եմ ունենալ միայն համաներման հետ կապված, եթե այն հայտարարվի»:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալվեցին և ապա կալանավորվեցին «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Գևորգ Սաֆարյանը։ Նրանք մեղադրվում էին ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ։