14/10/2017 15:12
Չեմ կարծում, որ բնակիչները տունը տաքացնելու համար վառելափայտ ձեռք բերելու խնդիր ունեն. Դիլիջանի քաղաքապետ
Դիլիջան խոշորացված հայանքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն ու «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանը մի քանի անգամ հանդիպել են բնակիչների հետ, լսել վերջիններիս խնդիրները, նույնիսկ ընդհանուր հայտարարի եկել։
«Չեմ կարծում, որ բնակիչները տունը տաքացնելու համար վառելիք ձեռք բերելու խնդիր ունեն: Բոլորս գիտենք, թե խնդիրը որն է՝ եկամուտ ստանալու, բիզնեսի համար է», - լրագրողների և բնապահպանության նախարարի հետ հանդիպմանն, անդրադառնալով «Դիլիջան» ազգային պարկի պահպանությանը, ապօրինի ծառահատումներին, ասաց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։
Նա նշեց, թե բնակիչներին բացատրել են, որ դա անհարին է և օրենքի շրջանակից դուրս։
Բնակիչներն, ըստ Սանթրոսյանի, վառելիքի խնդիր չունեն, քանի որ իրենց ներկայացրած տեղեկանքների հիման վրա, ըստ ընտանիքի կազմի ու բնակարանի մեծության, բաց է թողնվում թափուկներ:
«Այս պահի դրությամբ բնակիչների կողմից որևիցե խնդիր չկա վառելիքի ապահովման համար», - ասաց Արմեն Սանթրոսյանը։
«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանն էլ իր հերթին ասաց, թե բազմաթիվ հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները, բացատրական աշխատանքներ տարել, բայց միևնույն է, անտառահատումները շարունակվում են, մարդիկ շարունակում են իրենց եկամուտի աղբյուր համարել վառելափայտը։
«Ցանկանում ենք հասնել նրան, որ բացառենք անտառահատման երևույթները: Այս տարի բնակիչների համար իրացվելու է 1998 խորանարդ մետր թափուկ վառելափայտ: Բնակիչները այսօրվա դրությամբ օգտվում են ու բողոքներ չկան: Ինձ թվում է, որ բնակիչների հասանելիքը կապահովենք»,-ասաց Արմեն Աբրահամյանը։
Նա նշեց, որ թափուկները չբավականացնելու դեպքում էլ, մտածում են, որ դժվարանցանելի հատվածներ գնացող ճանապարհները սարքեն, մոտենան:
«Եթե կարիք լինի, դժվարնացանելի հատվածներից էլ թափուկները կհավաքենք, կտանք բնակիչներին։ Դա էլ ենք մտածել: Հաջորդ տարվա համար նախատեսել ենք մեր լրացուցիչ ուժերով այդ դժվարանցանելի մասերից թափուկները մոտեցնենք տեղամասերին, բնակիչների մուտքը անտառ բացառենք: Այս կերպ, կարծում եմ, զերծ կմնանք անտառահատումներից: Կհեշտանա և մեր աշխատանքը, և բնակիչների գործը», - ասաց ազգային պարկի տնօրենը։