18/03/2019 13:41
Եթե քաղաքապետ լինեի, կքանդեի ոչ միայն սրճարանները, այլև շենքերի տանիքների մանսարդները. Սաշուր Քալաշյան
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը դրական է վերաբերում Օպերայի շենքի տարածքը սրճարաններից ազատելու քաղաքապետարանի նախաձեռնությանը, ասում է՝ այն դեռ մի բան էլ ուշացած է, սակայն լավ է, որ գործընթացի մեկնարկը տրվել է։
«Հանրային տարածքներում սրճարաններ տեղակայելու գործընթացն սկսվել է դեռ 90-ականներին՝ այն ժամանակ, երբ կառավարությունը դեռ նոր էր ձևավորվում, պետականությունն ու անկախությունը նոր էին ձևավորվում, և շատ անգամ, կոպիտ ասած, շունը տիրոջը չէր ճանաչում։ Այդպիսով տնտեսական հարցերը դարձան առաջնահերթ, իսկ մշակութային հարցերը մղվեցին հետին պլան։ Արդյունքում եղավ այն, ինչ որ եղավ. հանրային բոլոր տարածքները կամ վարձակալվեցին կամ վաճառվեցին։ Գումարի համար մենք զոհեցինք ամեն ինչ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետը։
Նրա խոսքով՝ մայրաքաղաքի հանրային տարածքներում սրճարանների գոյությունը հենց սկզբից պետք է արգելվեր, և քաղաքապետարանը ճիշտ է վարվում՝ ապամոնտաժելով դրանք։
«Որպես ավագ սերնդի ներկայացուցիչ՝ հիշում եմ լուսահոգի Գրիգոր Հասրաթյանի ժամանակները (1962-1975 թվականներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ խմբ.), երբ Օպերայի այգին նոր-նոր էր ձևավորվում։ Այդ այգում այն ժամանակ բնակելի խարխուլ տներ էին։ Հասրաթյանի նախաձեռնությամբ այդ տարածքը իրացվեց, տները քանդվեցին, և տարածքը դարձրեցին այգի՝ գումարած Կարապի լիճը։ Իսկ հիմա ի՞նչ է կատարվում։ Եթե Օպերայում ներկայացում է ընթանում, հարակից սրճարանների երաժշտությունն այնքան բարձր է, որ մարդ չգիտի՝ օպերան լսի, թե դրսի աղմուկը», - ասաց Սաշուր Քալաշյանը՝ շեշտելով, որ Ազատության հրապարակի հարակից տարածքում և հանրային այլ տարածքներում որևէ սրճարան չպետք է մնա, դրանք բոլորը պետք է ապամոնտաժվեն։
Նրա համոզմամբ, ժամանցի բոլոր կենտրոնները՝ սրճարանները, ռեստորանները, պետք է տեղակայված լինեն շենքերի նկուղային հարկերում։
Ինչ վերաբերում է Երևանի բնակելի շենքերի տանիքներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) ապամոնտաժմանը, Սաշուր Քալաշյանը դա մայրաքաղաքի դիմագծի երկրորդ խայտառակությունը որակեց։
«Եթե ես քաղաքապետ լինեի, լիազորություններ ունենայի, ինչպես որ Օպերայի շրջակայքի սրճարաններն են քանդում, այդպես էլ մանսարդները կքանդեի՝ բոլորը։ Անգամ մեկը չկա, որ աչք շոյի։ Մանսարդներն աղավաղել են մեր մայրաքաղաքի կերպարը, որով մի ժամանակ հպարտանում էինք։ Հիմա զբոսաշրջիները գալիս են, նայում են ու ասում՝ ինչ բարբարոս ազգ են։ Այդ է արդյունքը։ Բացի այդ, մանսարդները վտանգում են շենքերի և մարդկանց անվտանգությունը։ Մանսարդն ուրիշ ճարտարապետություն է, որը հայկական ճարտարապետությանը և կենցաղին հարիր չէ», - ասաց ճարտարապետը։
Նա միաժամանակ նշեց, որ ողջունում է նաև Օղակաձև այգին սրճարաններից ազատելու քաղաքապետարանի մտադրությունը։