26/06/2019 12:06
Սահմանադրության անցումային դրույթները վիճահարույց են․ Աննա Կարապետյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն ցանկանում հստակ պատասխանել, թե ում են համարում ՍԴ դատավոր։
«Սահմանադրության անցումային դրույթները վիճահարույց են՝ «անդամներ», «դատավորներ»․․․ այս եզրույթները պետք է դեռևս բոլորիս համար բացահայտվեն», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանը։
Լրագրողները մի քանի անգամ հստակեցրին հարցը՝ ո՞վ պետք է լինի ՍԴ դատավոր, մինչդեռ ուղիղ պատասխան այդպես էլ չհնչեց։
«ՍԴ նախագահը պետք է լինի դատավոր», - ասաց Աննա Կարապետյանը։
Ճշտող հարցին՝ այսինքն Վահե Գրիգորյանին նկատի՞ ունի, Կարապետյանն ասաց․
«Ձեր կարծիքով՝ Սահմանադրական դատարանում երկու դատավորից բացի՝ ուրիշ դատավորներ կա՞ն։ Այս պահին երկու դատավոր է չէ՞ ՍԴ-ում»։
Պատգամավորն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչ նկատի ունի։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են պատգամավորները վերաբերում Վահե Գրիգորյանի հայտարարությանը, որ վերջինս ինքն իրեն հռչակել է ՍԴ նախագահ։ Այս անգամ ևս հստակ պատասխան չհնչեց։
Իրավիճակը փորձեց փրկել «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ նշելով․
«Վահե Գրիգորյանն այդ հայտարարությունն անելուց հետո ասաց, որ հարցը պետք է քննարկի իր գործընկերների հետ, հետո ասաց, որ այս պահին այդ հարցը չի ցանկանում մեկնաբանել, որովհետև հիմա քննարկումների փուլ է ընթանում։ Հրայր Թովմասյանն էլ չանդրադարձավ այս հարցին, Արայիկ Թունյանը՝ ևս. այսինքն՝ այն մարմինը, որին ձեր հարցերը վերաբերում են, ասում է՝ «ժողովուրդ ջան, մենք քննարկումների մեջ ենք, որևիցե հրապարակային կարծիքի հնչեցումը կարող է էդ քննարկումների արդյունավետությանը խանգարել»։ Եթե այդ սուբյեկտները, որոնք անմիջական քննարկման կողմերն են, չեն ցանակնում մեկնաբանել, ինքանո՞վ ճիշտ կլինի՝ մենք ասենք՝ սենց ենք կարծում, նենց ենք կարծում»։