07/08/2019 18:04
Գործով ապացույցները վկայում են, որ նման դեպք նույնիսկ չի եղել, գոյություն չունեցող մեղադրանք է, ՀՔԾ-ն մոլորության մեջ է. Գեղամ Պետրոսյանի փաստաբան
Հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի գործով սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը սպասում է, որ իր պաշտպանյալին ազատ արձակելուց հետո, ՀՔԾ-ն կդադարեցնի քրեական հետապնդումը։
«Նախաքննական մարմնից ակնկալում եմ, որ խափանման միջոցը փոխելուց հետո պետք է որ ապացույցների բավարար համակցություն լինի, որի հիման վրա Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը սպանության մեղադրանքով դադարեցվի։ Ուրիշ ակնկալիք չունեմ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգյանը։
Հիշեցնենք՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանություն, և դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր:
Փաստաբանը պնդում է, որ առաջադրված մեղադրանքի հետ Գեղամ Պետրոսյանը որևէ առնչություն չունի։ Ավելին, նրա խոսքով, նման դեպք նույնիսկ չի եղել։
«Հավաքված փաստական տվյալները, գործում առկա ապացույցները հաստատել են, որ իրականության մեջ այդպիսի դեպք տեղի չի ունեցել, որովհետև Զաքար Հովհաննիսյանը ոչ թե 2008թ.-ի մարտի 1-ին է հրազենային վիրավորում ստացել, այլ՝ մարտի 2-ին, ոչ թե Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան խաչմերուկի հատման վայրում է հրազենային վիրավորում ստացել, այլ՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայում, ոչ թե ստացել է մարտի 1-ին ժամը 7-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում, այլ՝ մարտի 2-ին ժամը 00։30-ից հետո ընկած ժամանակահատվածում։
Այսինքն՝ այդպիսի դեպք, որն առնչվեր Զաքար Հովհաննիսյանին և Գեղամ Պետրոսյանին, իրականության մեջ չի եղել։ Նրանք միմյանից հեռու են եղել, բոլորովին այլ վայրերում, այլ հանգամանքներում։ Իրականության հետ որևէ կապ չունեցող մեղադրանք է», - ներկայացրեց փաստաբանը։
Խոսելով Գեղամ Պետրոսյանի գտնվելու վայրի մասին, Գևորգյանն ասաց, որ նա մարտի 1-ին ժամը 22։00-ից սկսած եղել է Լեոյի փողոցում։ Ավելին, ըստ փաստաբանի, մինչև 00։30-ը Զաքար Հովհաննիսյանի կենդանի լինելու հանգամանքը հաստատել են բազմաթիվ վկաներ։
«Դա անհերքելիորեն ապացուցված հանգամանք է», - ասաց փաստաբանը։
Հարցին՝ այս ամենի պարագայում ինչո՞ւ է ՀՔԾ-ն նման մեղադրանք առաջադրել Գեղամ Պետրոսյանի նկատմամբ, փաստաբանը պատասխանեց.
«Որվհետև ունեին տեղեկատվություն, իբրև թե, Զաքար Հովհաննիսյանը հրազենային վիրավորումը ստացել է ոչ թե Մեսրոպ Մաշտոց պողոտայի վրա, այլ՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա։ Սակայն հետագայում պարզվեց, որ այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»։
Արդյունքում փաստաբանի երզակացությունն այն է, որ նախաքննական մարմինը մոլորության մեջ է հայտնվել։
Դիտարկումը, թե, ըստ որոշ տեղեկությունների, Գեղամ Պետրոսյանի մոտ եղել է երկրորդ, չգրանցված հրազեն, որի միջոցով սպանվել է Զաքար Հովհաննիսյանը, նյարդայնացրեց փաստաբանին.
«Նման տեղեկություններ տարածողներն անբարոյականներ են, դրանք վայրահաչություն են կատարում, դրանք այս երկրի հիմքերը խարխլող կեղտերն են՝ անկախ նրանից պաշտոնատար անձինք են, թե այլ դեմքեր։ Ես թքած ունեմ այդ խաբեբաների, այդ ստորների, բանսարկուների վրա, ովքեր փորձում են նման հայտարարություն անել։ Այդպիսի լուրեր տարածողները վիժվածքներ են, այս պետության կեղտերն են, ովքեր փորձում են շոուներ կազմակերպել»։
Նշենք, որ Գեղամ Պետրոսյանը օգոստոսի 4-ին ազատ էր արձակվել կալանքից, նրա խափանման միջոցի վերաբերյալ ՀՔԾ-ն որևէ միջնորդություն չէր ներկայացրել։