27/11/2019 11:10
ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում ռեկտորի ժ/պ-ի աշխատասենյակի դիմաց
ԵՊՀ Հայ բանասիրական և Պատմություն ֆակուլտետի ուսանողներն այսօր վերսկսել են դասադուլը։ Նրանք այս պահին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մոտ են և պահանջում են վերջինիս հետ հանդիպում։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, իրենք լուռ ակցիա են անում՝ քաջ գիտակցելով համալսարանում ակադեմիական միջավայրի պահպանման և դասերին մասնակցող ուսանողների իրավունքների կարևորությունը։
«Ակնկալում ենք հանդիպում ռեկտորի հետ։ Ակնկալում ենք նաև պարզաբանում, թե ինչու Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաներին վերաբերող հարցերը չեն քննարկվում գիտական խորհրդում։ Երեկ մեր այս հարցադրմանը պատասխան նամակ ենք ստացել, որում նշված կետերը խիստ դեկլարատիվ էին, առանձնապես ասելիք չունեցող։ Ուզում ենք հասկանալ՝ ինչու գիտխորհրդի արտահերթ նիստ չի անցկացվում», - հարց ուղղեց ԵՊՀ ուսանողը։
Հարցին՝ եթե ռեկտորն, այնուամենայնիվ, չընդունի իրենց, որո՞նք են լինելու հաջորդ քայլերը, Էդվարդ Գալստյանը պատասխանեց՝ ակցիաները շարունակվելու են։