17/10/2014 15:00
Շանթ Հարությունյանը միջնորդեց Նախագահին հրավիրել դատարան
«Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով ամբաստանյալների պաշտպանները ունեն նոյեմբերի 5-ի վերաբերյալ տեսաերիզ, որով կապացուցվի ամբաստանյալների անմեղությունը: Այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց ամբաստանյալ Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Փաստաբանի խոսքով՝ տեսաերիզը չի ներկայացվել, քանի որ այն ձեռք է բերվել դատաքննության ավարտից հետո, սակայն այն դիտելուց հետո ամեն ինչ պարզ կլինի: Ի. Պետրոսյանը նաև ասաց, որ ցանկանում է դատարանին տրամադրել 10 հազար քաղաքացու ստորագրություն, ովքեր պահանջում են դադերցնել Շ. Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը:
Նա դատաքննությունը վերսկսելու միջնորդություն ներկայացրեց:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը՝ այն պատճառաբանությամբ, որ փաստաբանը չի մասնավորեցրել, թե տեսաերիզը երբ է նկարահանվել, ինչին ի պատասխան Ի. Պետրոսյանը ասաց, որ տեսաերիզը վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել հանցագործություն։
«Մեզ համար պարզ դարձավ, որ Նախագահին այս գործի վերաբերյալ ինչ-որ հանգամանքներ են հայտնի»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ ցանկանում է, որ տեսաերիզը զննվի, որից հետո իրենց հետագա միջնորդությունները կանեն:
Դատավորը պաշտպանին թույլ տվեց տեսաերիզը ներկայացնել դատարանին: Ի. Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան հրավիրել Սերժ Սարգսյանին: Այս միջնորդությանը միացավ նաև Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը, ինչպես նաև՝ Շանթ Հարությունյանը:
Շ. Հարությունյանի խոսքով՝ Ս. Սարգսյանը ասել է, որ «Շանթը իրենից ոչինչ չի ներկայացնում և չի կարող հանդիսանալ հայ-թուրքական արձանագրությունների վավերցման համար»:
Դատավորը մերժեց այս միջնորդությունը այն պատճառաբանությամբ, որ քրեական գործում պաշտոնական անձանց հայտարարությունները չեն կարող ապացույց հանդիսանալ:
Մեղադրողը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ նախաքննության ընթացքում տարբեր աղբյուրներից ստացվել են տեսաերիզներ, որոնք հետազոտվել են դատարանում և պաշտպանական կողմը ժամանակ ուներ դա ավելի վաղ ներկայացնելու:
Շ. Հարությունյանը միջնորդեց դատարան հրավիրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին, ով իր խոսքով, որպես օտար երկրի ներկայացուցիչ, միջամտել է անկախ երկրում կատարվելիք դատավարությանը և ասել, որ պետք է ոչնչացնել այն ուժերին, որոնք հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ են խրում, իսկ ինքը իր ողջ կյանքում սեպ է խրել դրանց մեջ:
Նախորդող հրապարակումներ՝ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց
«Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով ամբաստանյալ. Ես քաղբանտարկյալ եմ
Նախագահը չի խախտել Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը