06/10/2017 17:20
Ագրամունտին «քաղաքական» բժիշկներն են խորհուրդ տվել զերծ մնալ նվաստացման վերջին ակտից. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ նախագահի հրաժարականի մասին
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Պեդրո Ագրամունտը հրաժարական է ներկայացրել:
Իր հրաժարականի տեքստում Ագրամունտը գրել է, որ այդ քայլին դիմել է իր բժիշկների խորհրդով: Նաև նշել է, որ կշարունակի մնալ ԵԽԽՎ-ում իսպանական պատվիրակության կազմում:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Պեդրո Ագրամունտի նման քայլը ենթադրելի էր:
«Չգիտեմ՝ ինչ բժիշկների մասին է խոսքը, բայց վստահաբար նրան «քաղաքական» բժիշկներ են խորհուրդ տվել զերծ մնալ նվաստացման վերջին ակտից, ինչը Ագրամունտին սպասվում էր հոկտեմբերի 9-ին մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանում», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ որոշ շրջանակների, Ագրամունտը, հրաժարական ներկայացնելով, գործարքի է գնացել ԵԽԽՎ ղեկավար կազմի հետ այն պատճառով, որ իր հրաժարականի դեպքում ԵԽԽՎ-ում ստեղծված անկախ, հետաքննող մարմինը չի քննի «արդբեջանական կոռուպցիոն լվացքին» Ագրամունտի մասնակցությունը:
Հարցին, թե հնարավո՞ր է նման գործարք տեղի ունեցած լինի, Զոհրաբյանը պատասխանեց.
«Ես բացառում եմ նման գործարքի առկայությունը, որովհետև գործարքը որևէ գին չէր ունենա այն պարզ պատճառով, որ եթե Ագրամունտը հրաժարական չտար, հոկտեմբերի 9-ին նրա խայտառակ, նվաստացուցիչ հեռացումը կանխորոշված էր լինելու: Ես հույս ունեմ, որ նման գործարք տեղի չէր ունենա ԵԽԽՎ-ում»:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի խոսքով՝ Ագրամունտի հետ կապված խնդիրը համաեվոպական էր դարձել, քանի որ բազմաթիվ երկրներում սկսվել են հետաքննություններ Ադրբեջանի իշխանությունների հետ կապված կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ:
«Այդ մետաստազը տարածված է եղել ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլ նաև՝ լրջագույն միջազգային կազմակերպություններում, այնպես որ գործընթացն սկսվել է, «Պանդորայի արկղը» այլևս բացված է և այս պարագայում դրված է մեկ գերագույն խնդիր՝ հնարավո՞ր է միջազգային կառույցները մաքրել ալիևյան վարչակարգի կոռուպցիոն սարդոստայնից, թե ոչ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը մեծ բան չի կորցնի Եվրոպայի խորհրդի կազմից դուրս գալով, Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն արած լինի և հավելեց.
«Ալիևը մշտապես ասել է, որ թքած ունի միջազգային կառույցների վրա, և ես չեմ բացառում, որ նշյալ լրջագույն հանդիպման ժամանակ ինքը ասած լինի, որ ԵԽ-ից դուրս գալը որևէ նշանակություն չի կարող ունենալ»:
Նկատենք, որ ըստ ադրբեջանական մամուլի, Ալիևը նաև հայտարարել էր, որ Ադրբեջանի հասարակությունը դրական կարծիք չունի Եվրոպայի խորհրդի մասին և ԵԽ-ն լքելով՝ Ադրբեջանում ոչինչ չի փոխվի՝ ոչ կապրեն հարուստ, ոչ աղքատ, ոչ լավ և ոչ էլ վատ: