10/03/2017 13:08
Սեյրան Օհանյան. Ժողովրդի դաժանությունների ու դառնությունների բաժակը ուզում ենք ժողովրդի հետ ըմպել
Հայաստանի Հանրապետությանը կտրուկ և կոշտ փոփոխություններ են անհրաժեշտ, այս մասին Հրազդանում ՕՐՕ դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը:
Վերջինս ընդգծեց, որ իրենք նպատակ ունեն արմատական բարեփոխումներ անել և իշխանությունը տալ ժողովրդին՝ պատրաստակամություն հայտնելով կիսել ժողովրդի դառնությունները:
«Այս 25 տարիների ընթացքում շատ քիչ ժամանակ է, որ իշխանությունը եղել է ժողովրդի ձեռքում: Մենք լճացման պահեր ենք ապրել և քաղաքակիրթ աշխարհի հետ համահունչ գնալու ցակություն ունենք: Մենք ձեզ հետ ենք, որովհետև ժողովրդի դաժանությունների, դառնությունների, դժվարությունների այդ բաժակը ուզում ենք ժողովրդի հետ ըմպենք, նույն դառնությամբ ու դաժանությամբ ապրենք: Մենք ձեզ հետ ենք, որովհետև չենք ցանկացել այլ կյանքով ապրել», - ընդգծեց Օհանյանը:
Երկրի զարգացման համար Ս. Օհանյանն առաջարկեց աչքի առաջ ունենալ Վրաստանի փորձը. «Սաակաշվիլին կտրուկ և կոշտ բարեփոխումներ իրականացրեց, որոնք արդյունքներ տվեցին: Գրեթե իսպառ վերացավ կոռուպցիան, պետական համակարգը առաջատար չափանիշներով սկսեց ղեկավարվել, տնտեսությունը հեղեղվեց արտաքին ներդրումներով: Մենք մեր հարևան Վրաստանից մի մեծ քայլ հետ ենք մնում, որովհետև մեզ էլ են պետք կտրուկ և կոշտ բարեփոխումներ», - ասաց Սեյրան Օհանյանն ու ընդգծեց, որ պատրաստ է ստանձնել բարեփոխումների առաջնորդի դերը:
«Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կտրուկ և կոշտ բարեփոխումները Հայաստանում: Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու, կարգ ու կանոն հաստատելու և արդարություն ամրապնդելու Հայաստանում», - եզրափակեց նա: