
12/12/2022 11:39
Պետք է լինել սառնասիրտ. Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցիների՝ Արցախ մտնելու մասին (Տեսանյութ)
Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ, դրանով լարվածություն ստեղծելով Արցախում, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի բնապահպանական ակտիվիստների՝ վերջին շրջանում իրականացրած գործողություններին։
«Բնականաբար, նրանց ակնկալիքն այն է, որ այդ լարվածությունը կտեղափոխվի նաև Հայաստան։ Կարծում եմ՝ պետք է լինել սառնասիրտ, իրենց ցանկություններն իրենց ցանկություններն են, մեր նպատակները մնում են նույնը. անվտանգ կյանք՝ Արցախի մեր հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի կառուցում՝ Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային տարածքում», - ասաց Քոչարյանը։
ՔՊ-ական պատգամավորն նշեց, թե Ադրբեջանը պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ստիպում է, որպեսզի Արցախը և Հայաստանն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա.
«Նրանք ստիպում են, որ մեր անհաջողություններից դասեր քաղելու գործընթացը լինի շատ ավելի արագ քայլերով»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել հասնել Կաշենի հանքավայր՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե իր կարծիքով, դա եղել է փոխհամաձայնեցված։
«Չեմ կարող ասել, թե ում միջև, բայց որ համաձայնություններն առկա են՝ փաստ է»։