07/07/2014 20:24
Գյուղապետ. Կարկուտն այնքան ուժեղ էր, որ մեքենայի ապակի է կոտրել
Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղում այսօր մոտ կես ժամ տեղացած կարկուտը լուրջ վնասներ է պատճառել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ղարիբջանյանի գյուղապետ Մանվել Պողոսյանը: Նրա խոսքով՝ կարկուտն այնքան ուժեղ է եղել, որ անգամ մեքենայի ապակի է կոտրել: Հիմնականում վնասվել են ցանքատարածություններ ու բանջարաբոստանային կուլտուրան։
«Վնասի չափը տարբեր է. մեկի դեպքում 40 տոկոսով է վնասվել, մյուսի՝ 80»,-ասաց գյուղաետը:
Նույն վիճակն է նաև Ախուրիկ համայնքում: Երեկոյան երկու համայնքների բնակիչները փակել էին Գյումրի-Ղարիբջանյան ճանապարհն ու պահանջում էին, որ մարզպետը գա ու ծանոթանա վնասի չափին:
Ղարիբջանյանի գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ բնակիչներին հանդիպել է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որից հետո նրանք բացել են ճանապարհը: Նաև հավելեց, որ մարզպետը գյուղացիներին խոստումներ է տվել: