06/07/2013 13:16
Հաշմանդամ օդաչու. Այսօր Հայաստանում ավիացիայի սպանդ է գնում
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին հաշմանդամ օդաչուները, ովքեր 2006թ-ից իրենց առողջությանը հասցված վնասի համար փոխհատուցում են պահանջում.
«Ամառ լինի, թե` ձմեռ, մենք ամեն ուրբաթ օր ժամը 11-ին նախագահական նստավայրի դիմաց ենք լինում: Երեկ ու այսօր որոշեցինք փոխել մեր ակցիայի տեղը մի պատճառով, քանի որ այս օրերին ակադեմիա են եկել միջազգային իրավաբաններն ու քննում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր: Դա, իհարկե, չափազանց կարևոր է, բայց ես հույս ունեմ, որ միջազգային իրավաբանները մեզ էլ կլսեն, քանի որ որքան էլ չեմ ուզում այդ բառը ասեմ, բայց Հայաստանում ացվիացիայի սպանդ է գնում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, օդաչու Դավիթ Դավթյանը:
«Տեսեք մեր պահանջն ինչում է՝ գոյություն ունի աշխատանքի ժամանակ ձեռք բերված հիվանդություն հասկացությունը: Օդաչուների մոտ` հավատացեք, նման «մասնագիտական» հիվանդությունները բազմաթիվ են: Հիմա մենք աշխատանքային պրոցեսի ընթացքում դարձել ենք հաշմանդամ ու ոչ աշխատունակ: Սրա համար մեզ պետք է վճարվի առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում: Եվ այն վճարում էին, քանի կային Հայկական ավիաուղիները: Հետո Հայկական ավիաուղիները տարան կանխամտածված սնանկության ու 2003թ.-ին Կառավարության 331-Ա որոշմամբ Հայկական ավիաուղիների բոլոր չվերթները տվեցին «Արմավիային»: «Արմավիան» մեզ փոխհատուցումները վճարեց մինչև 2006թ.-ի սեպտեմբերի 1-ն ու դրանից հետո մենք այլևս ոչ մի կոպեք չենք ստացել»,- բացատրեց Դավիթ Դավթյանն ու ավելացրեց, որ հիմա, երբ «Արմավիան» ևս սնանկացել է, օդաչուներին խոստանում են, որ կվճարեն պարտքերը այն ժամանակ, երբ վաճառվեն ընկերության ակտիվները.
«Այո՛, խոստանում են, բայց եթե անգամ այդ ակտիվները վաճառվեն, դրանցից ստացված գումարը չի բավարարի, որ հաշմանդամ մնացած բոլոր օդաչուներին վճարեն 6.5 տարվա պարտք»,- ասաց Դավիթ Դավթյանը:
Նախկին օդաչուի խոսքով` ԳԱԱ-ի դիմաց նրանց արդեն մի քանի մարդ մոտեցել է.
«Այն մարդիկ, ովքեր երթուղայիններով կամ համեստ մեքենաներով են գալիս` մոտենում են, հարցնում: Իսկ ովքեր որ թանկարժեք կոստյումները հագին սեփական վերջին մակնիշի մեքենայից են դուրս գալիս` մեր կողմը չեն էլ նայում»: