21/06/2014 15:57
«Ես ոչ ոքի չեմ հեռացրել». Քասախ գյուղի թիվ 2 դպրոցի տնօրենը հերքում է
Aysor.am-ի խմբագրություն նամակով են դիմել Կոտայքի մարզի Քասախ գյուղի Ա. Հովհաննիյանի անվան թիվ 2 դպրոցի մի խումբ ուսուցիչներ և ծնողներ, ովքեր իրենց դժգոհություններն են հայտնել դպրոցի տնօրեն Պայծառ Ղազարյանի վերաբերյալ: Նամակում նշվում է, թե դպրոցի տնօրենը «ուսուցիչներին ստիպում է լրացուցիչ աշխատել առանց վարձատրության, նրանց հասցեին թույլ է տալիս կոպիտ, վիրավորական և անձը ստորացնող արտահայտություններ, անամոթաբար աշխատանքից հեռացնում է վաստակաշատ մանկավարժների և դպրոցի այլ աշխատակիցների»:
Նամակում նշված է նաև, թե դպրոցի տնօրենը նույն վերաբերմունքը ցուցաբերել է ծնողների նկատմամբ՝ «որոնց երեխաներին նույնպես անարդար կերպով հեռացրել է դպրոցից»:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրենը նշեց, որ իր դեմ լուրջ, բայց անհիմն մեղադրանքներ են նամակում ներկայացված: Ինչ վերաբերվում է դպրոցից ուսուցիչ, աշակերտ կամ որևէ այլ աշխատակից հեռացնելուն, ապա դպրոցի տնօրենը հերքեց այդ ամենը. «Նման բան չկա: Շատ մարդիկ շատ բան կարող են գրել: Թող հստակ նշեն, թե որ աշխատողին եմ ազատել: Օդի մեջ աշխատողի չեն հեռացնում»,- վրդովվեց տնօրենը՝ ընդգծելով, թե նամակի պատճառ է հանդիսացել «իր խստությունը», որը, կարծես թե, դուր չի եկել դպրոցի աշխատակիցներին:
«Նախկինում, ով ինչպես ուզել, աշխատել է: Ես այս պաշտոնը նոր եմ ստանձնել: Այստեղ ամենի ինչ գլխիվայր է եղել: Հենց միայն դասամատյաններում այնքան խախտումներ ու բացթողումներ կան, որոնք շտկելը դժվար է: Մատյաններն ամբողջությամբ ջնջումներով են, որտեղ գնահատականներ են փոխված, բացակաները լրացված չեն, որոնց մասին բարձրաձայնել եմ: Իսկ ուսուցիչները սովոր չեն մատյան լրացնելուն, քանի որ ջնջումների համար ստացել են միայն նկատողություն»,- նշեց տնօրենը:
Մենք հետաքրքրվեցինք, թե եղե՞լ են դեպքեր, որ տնօրենը ուսուցիչներին ստիպել է լրացուցիչ աշխատել, դպրոցի տնօրենը բացատրեց, թե մինչև իր պաշտոնը ստանձնելը դասվարներն ու ուսուցիչները «նորմալ չեն աշխատել»: «Ուսուցիչները պարապել են միայն իրենց դասաժամերն ու գնացել տուն: Բայց, ելնելով իրավիճակից՝ օրենքով սահմանված կարգով ուսուցիչներին հանձնարարել եմ պարապել ոչ միայն իրենց դասերը, այլև լրացուցիչ դասեր անցկացնել աշակերտների հետ: Եվ քանի որ նրանք սովոր չէին աշխատել և լրացուցիչներ պարապմունքներ անցկացնել, դա դժգոհությունների առիթ է հանդիսացել»,- նշեց տնօրենը՝ վստահեցնելով, թե այդ աշխատանքից բացի՝ ուսուցիչները կատարել են իրենց պարտավորությունները:
«Ստուգել են աշակերտների աշխատանքները, մատյաններն են կարգի հրավիրել, դասղեկները աշակետներին են տուն ուղարկել և այլն: Եվ քանի որ նման աշխատաոճին սովոր չեն եղել՝ դա խորթ է թվացել: Օրենքի սահմաններում պահանջել եմ հավուր պատշաճի իրենց պարտավորությունները կատարեն»,- նշեց Պ. Ղազարյանը՝ ընդգծելով, թե տարիներ շարունակ՝ նախկին ղեկավարության օրոք, ուսուցիչները աշխատել են ոչ պատշաճ կերպով:
«Նրանք սովոր չեն պահանջվող աշխատանքին: Աշխատանքի եկել են ուշ, գնացել՝ շուտ: Միայն դասաժամեր են պարապել ու գնացել, ոչ մատյան են լրացրել, ոչ աշխատանք են ստուգել: Բայց կա կանոնակարգ, աշխատանքային օրենսգիրք, կա պայմանագիր և այլն: Հեռացնելը հրամանով է եղել, բայց ես հրաման չեմ տվել»,- մանրամասնե տնօրենը:
Դիտարկմանը՝ այս ընթացքում եղել են ուսուցիչներ, ովքեր աշխատանքից դուրս են եկել սեփական դիմումի համաձայն, տնօրենը կրկին հերքեց: «Ոչ: Եղել է մի դեպք, որ ՀՀ կառավարության և մարզպետի որոշման համաձայն, տեղի է ունեցել ուսմասվարի հաստիքի կրճատում: Իսկ այդ մասին բոլորն էլ տեղյակ են: Դա եղել է օրենքով սահմանված կարգով»,- նշեց Պ. Ղազարյանը:
Տնօրենը հավաստիացրեց, որ ինքը երբևէ ուսուցիչների կամ ծնողների հետ անհարգալից չի խոսել: Նրա խոսքով՝ սա իր դեմ կազմակերպված ինչ-որ խաղ է: «Եթե սա խաղ չէ, ինչո՞ւ չեն նամակում հստակ անունները նշել: Համոզվելու համար կարող եք գալ դպրոց և ինքներդ տեսնել, որ ոչ ոք աշխատանքից չի ազատվել»,- մանրամասնեց տնօրենը՝ հավելելով նաև, որ չի հնչել անգամ սպառնալիք, որ որևէ մեկն աշխատանքից կազատվի:
Ի դեպ՝ նամակում նշված է, որ դպրոցի տնօրենը մասնագիտությամբ մանկավարժ չէ: Պ. Ղազարյանը նշեց, որ ինքը մասնագիտությամբ ինժեներ է, քիմիկոս և տեխնոլոգ: «Ավարտել եմ երկու բուհ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը»,- ասաց նա:
Դպրոցի տնօրենը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում այնքան վրդովվեց, որ նշեց, թե իր դեմ զրպարտություններ տպագրելու համար նա մեզ դատի կտա:
Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ...
Նամակի վերաբերյալ մենք դիմեցինք նաև Կոտայքի մարզպետարան, որտեղից սակայն մեզ ասացին, որ իրենք նամակ չեն ստացել: «Ներեցեք, ես նման ինֆորմացիա տալու իրավունք չունեմ, բայց այդ հարցը կարող եք պարզել Կոտայքի մազպետարանի կրթության վարչության պետի հետ: Մեր գրանցամատյանում, համեյնադեպս այս պահին՝ այդպիսի դիմում-բողոք չկա: Իսկ նամակի մասին տեղյակ չեմ»,- պատասխանեցին մեզ Կոտայքի մարզպետարանից:
Նամակի մասին տեղյակ չէին նաև ՀՀ ԿԳ նախարարությունում: