05/02/2014 16:53
Նախարարը՝ պատգամավորին. Ինչ էլ պատասխանեմ, Ձեզ համար մութ է մնալու
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց կառավարությանը, թե ինչո՞ւ է կառավարությունը որոշում կայացրել վաճառել Որոտանի ՀԷԿ-ը: Լ. Սարգսյանը Որոտանի վաճառքը տրադիցիոն ատկատային գործարք համարեց:
Ի պատասխան ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նեկայացրեց մի շարք թվային տվյալներ, ապա ասաց, որ Որոտանի ՀԷԿ-ը շուտով կդառնա քառասուն տարեկան և դրան պետք են լուրջ ներդրումներ, նման սարքավորումների, նման կասկադների համար դա պատկառելի տարիք է, և հենց դա է պատճառը, որ կառավարությունը որոշեց վաճառել դրա գույքը:
Նախարարի պատասխանը, սակայն, չբավարարեց Լ. Սարգսյանին, ով ասաց, որ իր համար մութ է մնում, թե ինչու է կառավարությունը նման որոշում կայացրել՝ շրջանցելով ԱԺ-ն:
Ա. Մովսիսյանն ասաց, որ պատգամավորն իր հարցով արդեն պատասխանել է հարցին, որ ինչ էլ պատասխանի, միևնույն է, մութ է մնալու. «Հետևաբար, եթե մութ է մնալու Ձեզ համար, էլ իմաստ չկա պատասխանելու: Այսքանը»: