27/06/2014 16:43
«Հին Էրիվան» նախագծի ղեկավար. Ակտիվիստները խանգարում են գաղափարներս կատարել
Աֆրիկյանների տունը ապամոնտաժվում է պրոֆեսիոնալ կերպով` քարերն իրարից առանձնացվում են պենոպլաստե տուփերով, և 14 շարք ապամոնտաժված քարերից որևէ մեկը չի վնասվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հին Էրիվան» նախագծի ղեկավար, ճարտարապետ Լևոն Վարդանյանը:
Լ. Վարդանյանը առարկեց ասուլիսի մյուս բանախոս` քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի խոսքերին, թե կան քաղաքներ, որոնց ապամոնտաժված շենքերը վերականգնվել են լուսանկարներով, սակայն մարդիկ գիտեն, որ ապրում են հին քաղաքում:
Ճարտարապետի խոսքով` կարևորը միջավայր ստեղծելն է: Ֆերդինանտ Առաքելյանն ասաց, որ կողմ է Լ. Վարդանյանի` Հին Երևան կառուցելու նախագծին, սակայն մինչ այժմ քանդել են և ոչինչ չեն կառուցվել:
«Սա նման է նրան, որ ծնողն իր երեխայից գոհ չլինի և տա սպանի, որ երկրորդն ավելի լավը ծնվի, բայց երկրորդ երեխան ուռոդ ծնվի»,- ասաց նա:
Ֆ. Առաքելյանը ասաց, որ նախկինում, երբ ուզեցել են քանդել Աֆրիկյանների շենքը, ասել են, որ դա պոռնկատուն է եղել, սակայն հիմա էլ այն մտավորականի տուն են անվանում, ինչին ի պատասխան` Լ. Վարդանյանը ասաց, որ Աֆրիկյան եղբայրները այդ տան սենյակները վարձով են տվել և եկամուտ ստացել:
Անդրադառնալով ակտիվիստներին` Լ. Վարդանյանը դժգոհեց, որ նրանք չեն թույլ տալիս իրականացնել իր գաղափարները: Ֆերդինանտ Առաքելյանի հակադարձմանը, թե նրանք իր ընկերներն են, Լ. Վարդանյանը ասաց, որ ակտիվիստներն իր ընկերները չեն, քանի որ նա չի հավատում նրանց ազնվությանը, իսկ ինքը մի քանի անգամ երիտասարդ ճարտարապետ-ակտիվիստներին հրավիրել է այցելել իր արվեստանոց, սակայն ով էլ եկել է` իրեն դաս է տվել ու հեռացել:
Նախորդող հրապարակում՝ Այվազյան. Մշնախն էլ հիմք չունի դադարեցնելու Աֆրիկյանների տան ապամոնտաժումը