07/08/2014 21:20
ՊՆ. Ռազմաքաղաքական ջանքերի շնորհիվ լայնամասշտաբ պատերազմի հենք չկա
ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն այսօր հյուրընկալել էր Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 10-րդ հոբելյանական բանակումի մասնակիցների առջև, որտեղ նրանց դիմավորեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սկաուտների շարժմանն անդամագրվածներն այս օրերին տարբեր երկրներից ժամանել են Հայաստան, ամրացնում են սփյուռքի կապերը, քննարկում անելիքներն ու ճանաչում Հայաստանը և հայկական բանակը: Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը, ով իր խոսքում նշեց, որ հայոց բանակը Հայաստանի պետականության գոյատևման հիմնական երաշխավորն է.
«Մենք գիտենք, որ մեր բանակը հզոր է: Մենք անպարտելի ենք, երբ մեր բանակը համահայկական ուշադրության առարկա ենք դարձնում: Հայոց բանակը մեր փառքն ու պատիվն է, մեր արժանապատվությունն ու հպարտությունն է»,-ասաց նա:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին ելույթ ունենալով, իր խոսքում կարևորեց այ, որ այս օրերին Հայաստանում են գտնվում ՀՄԸՄ բանակումի մասնակիցները:
«Ինչքան էլ դուք սփռված եք աշխարհով մեկ, միավորված եա հայոց լեզվով, Հայաստանով ու Արցախով, ինչպես նաև հայկական բանակով: Մեր հանդիպումը տեղի է ունենում հայկական բանակի սպայական անձնակազմի անդամների դարբնոցում, որը կրում է սպարապետի անունը: Բանակումը համընկավ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության պատճառով հայոց զույգ պետությունների սահմաններում տիրող աննախադեպ լարվածությանը: Հակառակորդը փորձեց դիպուկահարների պատերազմից գործողությունները տեղափոխել հետախուզադիվերսիոն դաշտ: Սակայն հայկական բանակի փայլուն իրականացրած զսպիչ գործողությունների արդյունքում հասկացավ այդ դաշտում իր ազնորությունը, և ընդհանուր առմամբ, իրավիճակը հանդարտվեց: Թեև առաջնագծում լարվածությունը պահպանվում է, բայց ՀՀ ռազմաքաղաքական ջանքերի շնորհիվ, գլոբալ առումով այսօր լայնամասշտաբ պատերազմի հենք գոյություն չունի: Բոլորդ տեղյակ եք ամեն ինչին, սգացել եք մեր զինծառայողների կորուստները, կիսել մեր մտահոգությունները, տեսել եք արցախյան պատերազմը հաղթած կամավորականներին, ովքեր պատերազմից քսան տարի անց ինքնաբուխ բարձրանում են մարտական հենակետեր՝ իրենց փորձառությամբ օգնելու երիտասարդ հրամանատարներին և զինվորներին»,- նշեց նախարարը:
Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ բոլոր կորուստները ծանրացած են հարևան երկրի հրամանատարության՝ առանց այն էլ ոչ մաքուր խղճին: Նա շեշտեց, որ հայկական բանակը վստահորեն պաշտպանում է ՀՀ և ԼՂՀ սահմանները: Նրա խոսքով՝ ՀՀ զինված ուժերն առանց արտաքին կամ երրորդ ուժի միջամտության կարողանում են պաշտպանել հայրենիքի սահմանները:
«Հայաստանը վարում է ակտիվ քաղաքականություն և ունի դաշնակիցներ, բայց ծանր օրերն ապացուցեցին, որ հայկական բանակն է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ամենահզոր և անպարտելի դաշնակիցը: Իհարկե, մենք ուրախ կլինեինք սովորական լեզուն հասկացող հարևան ունենալու համար, սակայն այդ երկրի իշխանությունները հասկանում են միայն հզոր հակահարվածի լեզուն»,- նշեց նածարարը:
Հանդիպման ավարտին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ցուցադրական ելույթ ունեցան: