01/04/2014 20:50
«Օրենքի զոհերը». Պաղպաղակի փաթեթավորումից` մինչև դատարան
Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է արտոնագրային իրավունքի խախտման մեջ մեղադրվող «Արմսվիթ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Կոստանյանին:
Ըստ Ա. Կոստանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, լինելով տնօրեն «Արմսվիթ» ՍՊԸ-ում 2012թ. հունիսի 10-ից մինչև 2012թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում 52.01.2011թ. N 243 S վկայագրով որպես հեղինակ և իրավատեր գրանցված Վարշամ Ղարիբյանի արտոնագրային իրավունքի օբյեկտ հանդիսացող մեկանգամյա օգտագործման սննդային արտադրատեսակի փաթեթ արդյունաբերական նմուշը որպես իր կողմից արտադրվող և իրացվող «Զանգակ» անվանումով պաղպաղակների փաթեթ ապօրինի օգտագործելու միջոցով խախտել է Վ. Ղարիբյանի արտոնագրային իրավունքը:
Գործի նախապատմությունը (Աղբյուրը՝ Դատական տեղեկատվական համակարգ)
Ա. Կոստանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 159 Հոդվածի (Արտոնագրային իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ մինչև այդ իրավունքի պաշտոնական ճանաչումը դրա էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություններ տարածելը կամ հեղինակությունը յուրացնելը կամ համահեղինակության հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) հատկանիշներով:
Քրեական գործով տուժող Վ. Ղարբյանը 14.10.2010 թվականին ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գործակալություն հայտ է ներկայացրել մեկանգամյա օգտագործման սննդային արտադրատեսակի փաթեթ (տարա) արդյունաբերական նմուշը, որպես հեղինակի և իրավատիրոջ, իր անվամբ գրանցելու վերաբերյալ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը 25.01.2011 թվականին վերը նշված արդյունաբերական նմուշի հեղինակ և իրավատեր գրանցել է Վ. Ղարիբյանին և տվել N243 Տ վկայագիրը: Վ. Ղարիբյանը 18.05.2012 թվականին ՀՀ գլխավոր դատախազություն դիմում-բողոք է ներկայացրել այն մասին, որ «Արմսվիթ» ՍՊ ընկերությունը ապօրինի օգտագործում է ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գործակալությունում 25.01.2011 թվականին N243 Տ վկայագրով իր արտոնագրային իրավունքի օբյեկտ հանդիսացող մեկանգամյա օգտագործման սննդային արտադրատեսակի փաթեթ (տարա) արդյունաբերական նմուշը և դիմումին կից ներկայացրել է վերը նշված արդյունաբերական նմուշի ապօրինի օգտագործման փաստերը, ինչպես նաև հրուշակեղենի և պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Արմսվիթ» ՍՊ ընկերության կողմից արտադրվող «Զանգակ» անվանմամբ պաղպաղակի տարբեր վաճառակետերից գնման ՀԴՄ կտրոնները:
Տնօրեն Ա. Կոստանյանը, տեղյակ լինելով, որ «Արմսվիթ» ՍՊ ընկերության կողմից արտադրվող և իրացվող «Զանգակ» անվանումով պաղպաղակների փաթեթը (տարան), որպես արդյունաբերական նմուշ ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գործակալությունում գրանցված է հեղինակ ու իրավատեր Վարշամ Ղարիբյանի անվամբ և ընկերության կողմից արտադրվող «Զանգակ» անվանմամբ պաղպաղակների այդ տարաներով փաթեթավորումը խախտում է Վ. Ղարիբյանի արտոնագրային իրավունքը, մինչև 2012 թվականի սեպտեմբեր ամսվա սկիզբը «Արմսվիթ» ՍՊ ընկերության կողմից պաղպաղակի արտադրության ավարտը, վերը նշված փաթեթների (տարաների) ապօրինի օգտագործմամբ արտադրել և իրացրել է «Զանգակ» անվանմամբ պաղպաղակներ և խախտել Վ. Ղարիբյանի արտոնագրային իրավունքը:
Մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից
ՀՀ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում Արմեն Կոստանյանը իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով սահմանադրական իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Տուժող Վարշամ Ղարիբյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ ինքը 2006 թվականին հիմնադրել է «Էլիտ Շանթ», իսկ 2008 թվականին «Էկոֆուդ» ՍՊ ընկերությունները:
«Էլիտ Շանթ» ՍՊ ընկերությանը զբաղվում է պաղպաղակի և հրուշակեղենի արտադրությամբ:
14.10.2010 թվականին ինքը ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գործակալություն հայտ է ներկայացրել, որ որպես մեկանգամյա օգտագործման սննդային արտադրատեսակի փաթեթ (տարա) արդյունաբերական նմուշի հեղինակ և իրավատեր գրանցեն իրեն: ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գործակալությունը 25.01.2011 թվականին, որպես վերը նշված արդյունաբերական նմուշի հեղինակ և իրավատեր գրանցել է իրեն ու տվել N243 Տ վկայագիրը: 22.02.2011 թվականին ինքը լիցենզիոն պայամանագրով իրավունք է վերապահել «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերությանը վերը նշված արդյունաբերական նմուշը օգտագործել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ, և բացի «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերությունից ուրիշ, որևէ ընկերության այդ իրավունքը չի վերապահել: «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության նշված փաթեթը (տարան) օգտագործում է, որպես իր կողմից «արտադրվող «Զանգակ» անվանմամբ պաղպաղակի փաթեթավորման տարա:
Մտավոր սեփականության գործակալությունում, որպես N243 Տ վկայագրով արդյունաբերական նմուշի հեղինակ և իրավատեր գրանցվելուց հետո պարզել է, որ հրուշակեղենի և պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Արմսվիթ» ՍՊ ընկերությունը իր կողմից արտադրվող «Զանգակ» անվանմամբ պաղպաղակները փաթեթավորում է իր անվամբ N243 Տ վկայագրով գրանցված փաթեթ (տարա) արդյունաբերական նմուշով ապօրինի օգտագործելով այն և խախտելով իր արտոնագրային իրավունքը, որի համար ինքը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
14.02.2014 թվականի դատական նիստում մեղադրող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Վազգեն Հարությունյանը, հրաժարվեց Արմեն Կոստանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքից և հայտարարեց ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին:
Դատարանը Արմեն Կոստանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում ճանաչել է արդարացված՝ հռչակելով նրա անմեղությունը:
Նախորդող հրապարակում՝ 3 զինծառայողները արդարացվել են՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքով
Արդարացվել է պետությանը 1.862.129 ՀՀ դրամ վնաս պատճառելու մեջ մեղադրվողը
«Օրենքի զոհերը». Սուտ մատնության մեջ մեղադրվողը արդարացվել է
ԴԱՀԿ-ի Լոռու մարզի բաժնի պետն արդարացվել է
Արդարացում՝ «Անելիք» բանկին 92254 ԱՄՆ դոլարի վնաս պատճառելու գործով
Մեր օրերի «Մի կաթիլ մեղրը». Ինչպես զուգարանը հարևաններին հասցրեց դատարան