26/03/2013 10:11
8000 դոլարանոց բիոզուգարանի համար կառավարությունը վճարել է 170 հազար դոլար
2012թ. ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով երկու բիոզուգարան գնել, ինչի համար պետբյուջեից տրամադրվել է 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար), այսինքն` մեկ բիոզուգարանի գինը կազմել է 170 հազար դոլար: Կառավարության որոշմամբ բիոզուգարաններից մեկը տեղադրվել է Սյունիքի մարզի Տաթև գյուղում` ճոպանուղու հարևանությամբ, մյուսը տեղադրվել է Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ:
«168 Ժամի» հետ զրույցում Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն իր զարմանքն է արտահայտել զուգարանների գնի վերաբերյալ: «Էդքան գումար որ տային ինձ, ես տասը հատ էդ ձևի, ավելի լավ զուգարան կսարքեի, հետո էդ փողով համայնքը կզարգացնեի, բայց ո՞վ ա ինձ էդքան գումար տվողը»,- ասել է նա:
Կովկասի բնության հիմնադրամի համակարգող Արման Վերմիշյանն էլ թերթի հետ զրույցում անդրադառնալով բիոզուգարանների գնման փաստին` ասել է. «Կողմ եմ, որ լինի պատմամշակութային հուշարաձանների մոտ, հատկապես այն հուշարաձանների մոտ, որոնք տուրիստական մեծ հետաքրքրություն են առաջացնում: Դրա կարիքն, իսկապես, կա, բայց եթե կոնկրետ խոսենք էս դեպքի մասին, այս երկու «ֆանտաստիկ» հնարավորություններով զուգարանների մասին, ես կարծում եմ, որ մեր գերակայությունների շրջանակներից դուրս է: Կարելի էր շատ ավելի էժան, շատ ավելի կոմպակտ տարբերակներ ընտրել»:
Ա. Վերմիշյանի խոսքով` այդ թանկարժեք զուգարանները պետք չեն, որովհետև մեր երկրում շատ ավելի կարևոր գործեր կան անելու:
«168 Ժամը» նշում է, որ համացանցում բիոզուգարանների և դրանց գների մասին բավականին շատ տեղեկություններ կան, նշյալ բիոզուգարանները կարելի է գնել առավելագույնը 8000 դոլարով: